Ինչո՞ւ Դանիայում կարելի է վարձով տալ «Մոխրագույն կնոջ ուրվականով» դղյակը, Գառնին ու Զվարթնոցը՝ ոչ. կարծիքներ
Գառնիի և Զվարթնոցի տաճարների հարակից տարածքները կոորպորատիվ երեկույթների համար վարձակալության տալու աղմուկից հետո ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը կարծիք հայտնեց, որ նման մեկնաբանություններն իրականում չիմացության արդյունք են, քանի որ ողջ աշխարհում ընդունված է պատմական հուշարձանները վարձով տալու պրակտիկան` թեկուզ հենց դրանց պահպանության ծախսերը հոգալու համար:
Tert.am–ը, համացանցում ուսումնասիրություն կատարելով, վերհանեց դանիական, բրիտանական, իսպանական ու արևելաեվրոպական փորձը: Դանիայում, օրինակ, լայնորեն տարածված է մինչև մեր օրերը պահպանված միջնադարյան դղյակները վարձակալության հանձնելու պրակտիկան: Այդ դղյակներից շատերը համաշխարհային նշանակության պատմշակութային հուշարձաններ են, թեև պատկանում են դանիական ազնվական տների ներկայիս սերունդներին:
Ավելին՝ դղյակներից շատերը մասնակիորեն վերափոխված են միջնադարյան ոճով կահավորված հյուրանոցների: Նման դղյակները վարձակալության են հանձնվում հարսանեկան տոնախմբությունների, շնորհանդեսների, կոնֆերանսների կամ պարզապես` ընտանեկան հանգստի համար:
Օրինակ` կարելի է որոշակի ֆինանսական միջոցներ ունենալու դեպքում հանգստանալ Ֆյուն կղզու վրա գտնվող вEgeskov դղյակում, որը պատկանում է բարոնուհի Տոտին, կամ Կոպենհանգենից մեքենայով մեկ ժամ հեռավորության վրա գտնվող համաշխարհային հռչակ վայելող DRAGSHOLM ամրոցում:
Ուշ միջնադարյան այս կոթողը հանրահռչակ է դարձել իր «ուրվականների շնորհիվ», որոնցից մեկը «Մոխրագույն տիկնոջ ուրվականն» է, մյուսը՝ Մարիա Ստյուարտի ամուսնու՝ Կոմս Բետվելինի: Ի դեպ, ժամանակին այս ամրոցը ծառայել է նաև որպես դանիական արքունական նստավայր:
Պատմամշակութային հուշարձան հանդիսացող այս ամրոցում, օրինակ՝ երկտեղանոց համարը , ներառյալ՝ ընթրիքը ռեստորանում և ամրոցի տարածքում էքսկուրսիան մեկ հոգու համար, կարժենա մոտ 150 եվրո:
Լոլանդ կղզու վրա գտնվող LUNGHOLM ամրոցն էլ, որը որպես հյուրանոց ամբողջությամբ վերանորոգվել է 2007-2010թթ, պատկանել է հանրահայտ Ռոզենկրանց Տրոլլ, Ռեվենտլով ազնվական ընտանիքներին:
Իսկ դանիական ROSENHOLM ամրոցը, որն այսօր պատկանում է Դանիայի ամենաազդեցիկ Ռոզենկրանց ընտանիքի 18-րդ սերնդին, հայտնի է դեռ շեքսպիրյան «Համլետի» ժամանակներից:
Հանգիստն այս հյուրանոցում կարելի է պատվիրել համացանցով, իսկ հարսանեկան արարողությունների համար կարելի է պատվիրել նաև կառք, լիմուզին կամ ուղղաթիռ՝ ըստ նախասիրության:
Այս համատեքստում ներկայացնենք նաև իսպանական փորձը: Օրինակ՝ հանրահայտ Կոստա Բրավայի պարծանքը հանդիսացող ամրոցը, որը մասնակիորեն ավերվել էր Ֆրանսիայի հետ 1285թ. պատերազմի ժամանակ, և հաջորդ հարյուրամյակներին մի քանի անգամ վերանորոգվել, իր տարածքում ունի ոչ միան վանական համալիր, լիճ, որտեղ լողում են ձյունաթույր կարապներ, մասնավոր հավաքածուների թանգարան, այլև` կազինո, գիշերային ակումբ: Այս պատմական վայրում ցանկացողները կարող են անցկացնել իրենց հարսանեկան արարողությունը:
Մասնավոր միջոցառումների համար վարձակալության է տրվում նաև Անգլիայի հանրահայտ Սուրբ Պողոս եկեղեցին, ինչի մասին են վկայում հետևյալ լուսանկարները:
Այս փորձը լայնորեն կիրառվում է նաև արևելյան Եվրոպայում: Օրինակ՝ Ուկրանայի Ժիտոմիրի շրջանում գտնվող հանրահայտ Ռադոմիսլ ամրոցը, որը ներառում է նաև Եվրոպայում միակ տնայնագործական սրբապատկերների թանգարանը, նույնպես համացանցում լայնորեն գովազդվում է որպես հոբելյանների, ընկերական խնջույքների ու այլ հանդիսավոր տոնախմբությունների, կոորպորատիվ երեկույթների անցկացման վայր:
Նման նպատակների համար մինչև 80 մարդու համար վայրեր են հատկացված ամրոցի համերգային դահլիճում, Սիրո կղզում՝ վրաններում: Անցկացվում են նաև էքսկուրսիաներ՝ գտնելու հեքիաթային, բայց պատմական ոսկե արդուկը, հարսանեկան հանդեսներ և այլ արարողություններ:
Աշխարհում նաև լայնորեն տարածված է համաշխարհային նշանակության, անգամ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում հայտնված կոթողներում թատերական կամ երաժշտական միջոցառումների անցկացումը, ինչի ամենավառ վկայությունը կարող է լինել Յանիի համերգն Ակրոպոլիսում:
Հայաստանի կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը, ով առաջինն է Զվարթնոցում համերգ կազմակերպել՝ հուշարձանի հանրահռչակման նկատառումներով, հետագայում նաև՝ Գառնիում, վստահ է, որ համերգի ձայնագրվելուց հետո հուշարձանը մնացել է պատմության մեջ:
«Հիմա եթե իմ երաժիշտներից մի քանիսն անշնորհք լինեին, տրուսիկով ման գային առավոտյան, վատ երևույթ կլիներ»,- ասաց Արմեն Արաբյանը:
Վերջինս դեմ չէ նաև հուշարձանի տարածքում խնջույք կազմակերպելուն` պայմանով, եթե այդ ամեն ինչը արվում է «մշակութային սոուսի տակ»:
Հիշեցնենք, որ գոնե Գառնու պարագայում միջոցառումը պատմամշակութային էր` նվիրված Հարավարևելյան Եվրոպայի երկրների տարեկան մշակութային համաժողովին, որի շրջանակում 300-ից ավելի այցելուներ եղան Գառնիում:
ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ դեմ չէ մշակութային միջոցառումների կազմակերպմանը պատմամշակութային հուշարձանների տարածքում, բայց կարևոր պայման է դիտարկում «ճաշակով անելը».«Եթե այդ նույն բանը` ճաշարանը սարքելը հանձնարարվեր նկարչի, նա այնպես կաներ, որ այդ ամեն ինչը չէր խանգարի: Այ այստեղ արդեն ճաշակի խնդիր է, երբ հսկայական սեղաններ են շարում՝ սպիտակ սփռոցներով, ամբողջ ուշադրությունը գնում է սեղանների վրա, ոչ թե Գառնու տաճարի: Ուրեմն` պետք է կարողանալ այնպես կազմակերպել, որ դա ունենա նուրբ գույն, շրջապատի հետ ներդաշնակի, տաճարին չխանգարի: Նրբաճաշակություն գոյություն չունի, այ` դրա վրա եմ ես բարկանում, որովհետև մենք շատ ենք «գեղացի»:










