Անմեղսունակների առիթը, կամ ոչ մեկը մեղավոր չէ. առաջին մաս

14:17 • 22.06.14

Մարմնի կեսը դեռ արահետի հողին` խոտի միջից գլուխը բարձրացրեց, դարձավ, նայեց. տղան հմայված գնաց ետևից: Խոտ ու ծաղիկ խոնարհվում, ողջունում են, ցողում Նրա մկանագալար երթը, ծաղկաթերթ ու սերմ կպցնում ցողաթաթախ մարմնին: Գունագեղ ծտերը թռան վրայով, ճռվողեցին զվարթ, պտտվեցին, դարձյալ եկան: Խոռոչների առջև կանգ է առնում, գրգռված հոտոտում, գլուխը բարձրացնում, խոյահարում-խրվում հողի մեջ, պատռելով գնում, դարձյալ դուրս գալիս, նայում ետադարձ, հազարավոր սնկեր գետնի տակից հանում են իրենց նախշուն գլխիկները, ձգվում, բարձրանում, ողջունում Նրան, ինքը գոհացած` փնչացնում, շարունակում է ճամփան… Մտավ արտը, հնձվորները բարձրացրին գերանդիները, պատիվ բռնած` ճամփա տվին, մեղվապահը փեթակից մեղր հանեց, քսեց վրան, ճանճերը հավաքվեցին, բզզացին խենթացած, տավարի հոտը կանգ առավ, բառաչեց կարոտով, ցուլը մռնչաց, ամորձիները պրկեց, սմբակը կատաղի խփեց հողին, կթվոր կանայք կաթը դույլերից բռերով հանեցին, թափեցին վրան, աքաղաղ մորթեցին, արյունով օծեցին մկանունքը, այգու մոտ խաղող քամեցին, ծորացրին մաշկին…


Գուրգեն Խանջյան «Հայրը», հատված


-Պարո´ն Խանջյան, լսել եմ՝ ինձնից պինդ նեղացել եք, որ Ձեզ դարձրել եմ իմ նյութերից մեկի հերոսը: Դա ճշմարի՞տ է, թե՞ քաղաքային ֆոլկ՝ չար լեզուների կատարմամբ:


-Գիտես՝ այդտեղ իմ հարցը չէր, ես չէի. խոսքը Լևոն Խեչոյանի մասին էր, իսկ նա, գիտես, ցավոտ էր ընդունում այդպիսի բաները: Չէի ուզի:


-Չէ,նա որ նեղանար,անձամբ կարձագանքեր,այդպիսի բան եղել է. Էն «Ոսկե եղեգ» մրցանակը ստանալու օրերին էր. եկավ, թե՝ ի՞նչ լավ բան գնեմ ձեզ համար, ես էլ ասի՝ իրար գլխի էս հանրակացարանում ապրում ենք, դեմներս էլ՝ ցուրտ ձմեռ, արի, գնանք շուկա, կաղամբ բան առնենք, ձմեռվա թթու դնենք: Ու այդ հրաշք օրը միասին էնպիսի մի հանճարեղ թթու դրինք, որ էս թթուն իր վրա թափված ամագից ամաչելով՝ ամբողջ ձմեռ մեզ պահեց: Չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, այն քիչ-քիչ դուրս գրելու համար ես ամեն սեղան նստելիս զգուշացնում էի, որ Լևոնի քրտինքը քոռուփուչ չանեք՝ սա ո´չ թե թթու է, այլ՝ նշխարքից զորեղ մի բան: Մի խոսքով՝ էս պատմությունը բերանիցս թռցրի մի հայտնի գրողի մոտ, ու Լևոնս խռովեց ինձնից: Երևի մեծերի հետ ընկերություն անելու համար պիտի շան հոտառություն ունենաս, չէ՞:

 

-Լևոնն, իրոք մեծ գրող է: Եվ ինչու՞ չտարան նրան Պանթեոն: Այնտեղ մեր վարչապետի գերեզմանի չափը տեսել ես, չէ՞: Ամոթ է ձեզ, ամո´թ: Թե ո՞վ է որոշում այդ հարցերը, չգիտենք: Մի օր պարզվելու է, որ Լևոն Խեչոյանը լավագույններից լավագույնն է: Ինչո՞ւ չարիք այդ բանը: Էս գլոբալիզացիա կոչվածը ամեն ինչ փշրում է, ամեն ինչ դառնում է մի տեսակ թանգարանային նմուշ: Իսկ այն, ինչ Լևոնն է գրել, չի կարող երբեք թանգարանային դառնալ՝ հզոր է, հզոր: Ի՜նչ պատկերներ են, ո՞նց է զգացել, ո՞նց է բերել այդ բոլորը:


- Վերջին՝ «Մհերի դռան գիրքը» գրելուց հետո ապրելը երևի անհնար էր արդեն: Այստե՛ղ ապրելը, որովհետև մահը մեր գիտակցության երևակայությունն է կարծես: Նա երևի լավ էլ գիտեր, որ ձեռք է գցում հենց այն կենդանի,ապրող նշաններին, որոնք հետադարձ ուժի էֆեկտով երկրից պոկում են այդ նշանները դնողին. մի անգամ մի տեքստ պիտի գրվեր մի ֆիլմի համար, մի ամիս սպասում էի, չկար. հետո եկավ թե՝ախր ես առանց հավատալու մի տող անգամ չեմ գրել իմ կյանքում, մինչև հավատալիքս չիմանամ, չի գրվելու... այնպես որ՝ պարզ չէ՞ , թե ինչ է ասում նրա գիրքը, երբ ասում է, թե հավատում է Ագռավաքարի գոյությանը…


-Դու տես՝ ոնց է սիրում իր երկիրը: Սովորաբար կարծես մի տեսակ պանորամային սեր է լինում, իսկ ինքը մտել է մեջը: Ջավախքից իջել է, Լենինականով, այ էսպես շրջագայելով՝ հասել վերջին: Երբ արդեն Գերմանիա էր գնում՝ բուժման, սրճարանում հանդիպեցինք, ինքը արդեն կոմպլեքսավորված էր արտաքին տեսքի համար, դե՝ գիտես, արդեն նիհարել էր շատ: Ինձ ասում է ՝ չճանաչեցիր, չէ՞, ինձ: Ես էլ ասացի ՝ արա´, ի՞նչ ես խոսում, ո՞նց չճանաչեցի, ո՞նց կարող եմ ես քեզ չճանաչել:


-Խանջյան, մի բան հարցնեմ, բայց շատ անկեղծ ասա, խնդրում եմ. Լևոն Խեչոյանին ասե՞լ ես, որ իր գրականությունն այդքան հզոր ես համարում, այսպես՝ աչքը աչքին նայել ու խոստովանե՞լ ես:


-Չէ՛, ու հիմա շատ ափսոսում եմ, որ չեմ ասել: Ես արել եմ այդ ժլատությունը: Բայց,օրինակ, «Արշակ արքան» որ քննարկվում էր, ասել եմ, որ հզոր վեպ է: Հիմա էլ, որ կարդում եմ, ասում եմ ՝ ա´յ մարդ, որտեղի՞ց այս տղային այսքանը: Իսկապե´ս տարօրինակ է:


-Լևոնը մի հրաշալի վավերագրական ֆիլմի սցենար էր գրել, վերցրինք, երկուսով տարանք հեռուստառադիոյի այն ժամանակվա շեֆի՝ Ալիկ Հարությունյանի մոտ, գնացածի հետևից բան չեն ասի, բայց ապշելու բան է իրոք. բա Խեչոյանի պես հսկայի սցենարը կմերժե՞ն, ի՞նչ է, վախենում էիք, որ մի բարձրարժեք գործը խախտե՞ր համատարած տափակության շքահանդեսը:Վերջերս անընդհատ քո էն միտքն է գալիս՝ էս դարը դուխ չունի, դուխ. տաղանդավոր, մտածող մարդիկ ամենուր աչքի գրող են: Բայց մշակութային կոնցեպտները, չէ՞, պիտի գնան քաղաքականություն, որ առաջընթաց լինի, թե չէ մանկական խաղահրապարակ է արդեն դառնում այդ քաղաքականություն ասվածը:


-Ջրիկանում են մարդիկ, հիմարանում են, և իրենք մեղք չունեն: Պլաստելինի պես են դարձել ՝ զուտ սպառողներ: Ինչ տալիս ես, էդ էլ ուտում են: Չպիտի գնային, էլի´, այդ ճանապարհով: Կոպիտ ասած, կեղտի մեջ են: Եկել են, լցվել են, անունը դնում են տոլերանտություն, բայց փչանում է ամբողջը: Ի՞նչ նախագահ, հիմա մեզ արքա է պետք, ուժե´ղ արքա: Ինձ թվում է՝ միայն դա մեզ կարող է փրկել: Մի հզոր լինի, որ ուրիշ բան տա:


-Ախր հենց մշակութայիններն են արքաները, որոնց գործերը պիտի իրադարձություն դառնան, նոր իմաստներ ստեղծեն: Նայի, երբ կարդացի քո «Հայրը» պատմվածքը, այնքան տպավորված էի, որ այդ գիշեր ուրախությունից չքնեցի, բայց երբ համացանցում հետևում էի դրա քննարկումներին, լրիվ դատարկ, պարապ զրույցներ էին: Թվում է, թե գրողը, նրա ստեղծագործությունն այս ժամանակակից հաղորդակցական միջոցների շնորհիվ ավելի հասանելի, ընկալելի պիտի դառնար ընթերցողին, բայց արի ու տես, որ գործն ընկնում է համացանցի բերանը և ծամծմվում ընդամենը, փոխանակ շփվի գաղափարների հետ, գրական նոր շարժեր ստեղծի:


-Ես համացանցում չկամ: Մեր «Գրեթե» թերթի հեղինակներն են ինձ պատմում այնտեղի իրադարձությունների մասին: Սակայն չեմ բացառում, որ կարող է՝ ինձ խնայում են և չեն ասում ամբողջը: Բայց, այո՛, այն արձագանքը չկա, որ սպասում ես:


-Քո «Հայրը» կարծես մի շնչով, մի օրում գրված լինի: Կարո՞ղ է՝ հենց մի օրում էլ գրել ես:


-Այո ՛, մի օրում գրել եմ, հետո անդրադարձել, մշակել եմ երեք օր, որովհետև ինքը ձևից շատ էր կախված. ճամփա էր գնում, պիտի գնար…


-Ես՝ որպես ընթերցող, այդ գործը առանձնացրել եմ քո բոլոր ստեղծագործություններից, չգիտեմ, մի ուրիշ բարձր դարակում է նրա տեղն ինձ համար: Այսօրվա լեզվամտածողությամբ ասած՝ ղալա՞թ եմ արել, թե՞ հեղինակն էլ այդպիսի մի առանձնահատուկ սեր ունի իր «Հոր» հանդեպ:


-Անշուշտ՝ ինքը մի ուրիշ տեսակ է՝ համեմատած իմ մյուս գործերի հետ: Հունցելու տաշտը, Ֆալոսի պաշտամունքը, այո´, լրիվ ուրիշ ձևի մեջ է արված այդ գործը: Ուրիշ ձևի էլ գնում էր:


- Մտավարտը, հնձվորները բարձրացրին գերանդիները, պատիվ բռնած` ճամփա տվին, քիչ անց էլ՝ «Մեռած չի, դե՝ հա, հո չէ՞ր մեռնելու, Նա ո՞նց կմեռնի... »: Եվ նա-ն էլ՝ մեծատառով. էս կտորն ուղղակի շշմելու է: Սրա համար առնվազն՝ հոգեվերլուծողներ են պետք, անգամ լուրջ բլբուլ-գրաքննադատը կլռվի այս պատկերների առաջ:


-Գիտե՞ս ինչ եմ սպասում: Օրինակ՝ Հերման Հեսսեյի մասին ես կարդացել եմ աշխատություն, վրացի է հեղինակը, այ՝ էսպիսի աշխատության եմ, օրինակ, սպասում: Այդպիսի´ աշխատություններով պետք է քննել գրականությունը՝ իր ողջ մանրուքներով: Այսօր գրականության նկատմամբ արձագանքը ադեկվատ չէ:


-Բայց եթե մի պրոֆեսիոնալ հոգեվերլուծողի ձեռքը տաս քո «Հայրը» պատմվածքը, տեղում քեզ էդիպյան կոմպլեքս կվերագրի, չե՞ս վախենում, էն հրաշք տղային էլ կսարքի մորը խանդող բալա, այնինչ այդ գործը պատկերային նշաններով է հաղթում: Ասա ինձ, խնդրեմ, հիմա որ դնեն, հայ գրողների գործերը հոգեվերլուծության ենթարկեն, քանի՞սը կդիմանա, կամ էլ արդյո՞ք էդ հոգեվերլուծողը ողջ և առողջ կմնա: Չէ՞ որ դա բավականին բարձր սուբյեկտիվությամբ, անցյալի մեղքերը, էրոսը քուջուջ անող մի բան է, դիմանալ է պետք, չէ՞:


-Իմ ասած հեղինակի արածը զուտ հոգեվերլուծություն չէ :Նա գրողի կենսագրությամբ է նրա գործերը նայել: Չէ՞ որ բոլորս էլ մանկությունից ենք գալիս: Այդ չափի վերլուծել, այդ չափի մտել է խորքերը: Իսկ գրաքննադատներն այսօր, այո՛, մակերեսում են: Մեկ անգամ ընդամենը նշել և նշում են, որ այս գործը ստեղծվեց, այնինչ գրական գործը խորքային վերլուծության կարիք ունի: Ու չեմ կարծում, թե այդ խորքային վերլուծությունից գրողը կնեղանա, հակառակը՝ այսօրվա մակերեսային գրաքննադատությունից պիտի նեղանա:


-Հիմա մենք ողջ և առողջ քանի՞ գրաքննադատ ունենք. արդյո՞ք նրանք հենց չստացված գրողները չեն, թե՞ գրականության այսօրվա ընդդիմությունն են, որոնց ստեղծածը մի առանձին ստեղծագործություն պիտի որ լիներ, մի առանձին համակարգ, որին Հրանտ Մաթևոսյանը մտքի ռեժիմ էր ասում՝ զգուշացնելով, որ մենք կորցնում ենք պրոֆեսիոնալ գրաքննադատության իշխող բարձունքը, որ այդ համակարգը ցրիվ է գալիս, շկոլա ենք կորցնում:


-Ես Ձեզ ասեմ՝ ջահելների մեջ մի քառյակ կա՝ Արքմենիկ Նիկողոսյան, Հայկ Համբարձումյան, Հասմիկ Հակոբյան,Գոհար Աքելյան, սպասի, ոնց որ քառյակից էլ կանցնենք, Քրիստինե Հովհաննիսյան, Վահրամ Դանիելյան… Իզուր են որոշ մարդիկ կարծում, որ գրաքննադատությունն ավելորդ բան է:


-Չէ՛, ինչպե՞ս, այս աշխարհում ամեն բան արդեն չափելի է, մարդիկ արդեն տիեզերքն են չափագրում, իսկ գրաքննադատությունը հենց կոնկրետ գիտություն է՝գրականության մետրը. ուղղակի վերջին տարիներին այն շատ ջրիկացավ ու էժանացավ: Փոխանակ գրական գործը վերլուծեն, կենաց են ասում կամ էլ սպորտային հետաքրքրություն հանդես բերելով՝ գրողներին են իրար հետ համեմատում, մեծուփոքր, հաստուբարակ անում: Այնինչ լուրջ գիտական աշխատանք պիտի արվի, կարծեմ: Կիլոմետրով գիր է գրվում ու մնում անքննելի:


-Անհրաժեշտություն կա, օրինակ, համակարգել հետխորհրդային գրականությունը, ինչը չի արվում: Դա պիտի արվի, որ ամեն ինչ ընկնի իր տեղը: Հիմա շփոթ է, պետք է հասկանալ, պետք է համակարգել՝ ով որտեղ է: Հետխորհրդային շրջանում կարգին, լուրջ գործեր են ստեղծվել: Մենք արդեն ահագին բան ունենք: Նայեք՝ Լևոն Խեչոյան, Ռաֆիկ Նահապետյան, լրիվ ինքն է: Վահան Թամարյանը, զիլ է, չէ՞, ի՜նչ լեզու ունի,Վարուժան Այվազյանը, էլի կան, քիչ չեն:


-Աղասի Այվազյանը, Վանո Սիրադեղյանը, լավ ջահելներ էլ կան, անշուշտ, Ձեր ու նաև՝ Հովհաննես Գրիգորյանի շուրջ միշտ խմբված: Բայց, այնուամենայնիվ, ես՝ որպես ընթերցող, մի մեծ կռիվ ունեմ Գուրգեն Խանջյանի հետ, ու սրանից լավ առիթ չկա՝ իմ կռիվը կռվելու. Ձեր առաջին գիրքը՝ «Շարժասանդուղքները, կարծեմ 1994 թվին տպեցիք, չէ՞:


-Այո՛:


-Հետո, տարիներ այն վերատպեցիք մի առանձին ժողովածուով: Ահա, երբ նայեցի այդ նոր գիրքը, տեսա, որ առանձին պատմվածքներ հիմնահատակ փոխվել են: Դուք ինչո՞ւ եք այդ բանն արել:


-Չգիտեմ, տարիներ էին անցել, և հետո ես այդպես տեսա: Ավելորդ բաներ կային:


-Բայց գիտես, չէ՞, դա ընթերցողի համար ահագին լուրջ հոգեբանական հարված է…


-Հա՞:


-Հա՛, որովհետև ինքը ուրիշ նշանների, պատկերների հետ է շփվել, մեկ էլ՝ հոպ:


-Չէի կարող, ինչը ավելորդ էր, պիտի հանեի: Գիտես՝ ես էսօր մի բան արեցի, ինձ համար դա արձան չի: Հետաքրքիր է՝ ժամանակի մեջ դու ոնց ես փոխվել, նույնկերպ ինքդ քեզ ես փոխում, էդ պատմվածքը դու ես:


-Ինչ հիշեցի. տատս հրեղեն լեզու ուներ ու էդ լեզվի տակ հեքիաթ չէր դիմանում. էդ էր պակաս, որ Սասունցի Դավիթը թողներ, որ Գիքորը մեռնի. ու երբ ինձ դպրոցում ուսուցիչը պատմեց Գիքորի մահը, ես վեր կացա տեղիցս ու հայտարարեցի, որ էդ խեղճը իսկական հեքիաթը չգիտի: Հիմա սա ծիծաղելի է թվում, բայց այն ժամանակ դա լուրջ հոգեբանական հարված էր ինձ համար, ահավոր մեծ տրավմա, ու դա երևի չի անցել, մանավանդ, որ այդ կռիվը ես պարտվեցի: Ու մեկ է, իմ մեջ այդ հարցը մնալու է, թե քո իմացած պատմությունը, թեկուզև՝ նրա հեղինակը բռնի ու փոխի՞, ազնի՞վ է սա:


-Ամեն ինչ վերջնական չի: Հարափոփոխ է: Է , թո՛ղ, պատմվածքն էլ փոխվի, ոչինչ: Դե՝ անցել է 20 տարի, պիտի՞ նա ինչ-որ մի բան ստանար 20 տարում, ինքն էլ ապրող է, կենսական: Ես չեմ սիրում էդ թանգարանային մնայուն բաները, որ պիտի ձեռք չտաս: Հիմա էլ հնար լինի, նորից կաշխատեմ վրան:


-Տատս էլ էր համարյա նույն բանն ասում. երբ հարցնում էինք, թե անցյալ անգամ նույն պատմությունն ուրիշ ձև պատմեցիր, ասում էր՝ «պոպոքն էլ ա իմ ձեռին, չաքուչն էլ»:


-Խելոք տատ էր /ծիծաղում ենք.Վ.Ս./։


-Հրանտ Մաթևոսյանի Աղունի ասած՝ հո թութակ չէ՞ր, որ նույն բանը կրկներ: Լավ, հիմա անցնենք քո «Հիվանդանոց»: Քո այդ գործը դեռևս սովետն իր վրայից չթոթափած մարդկանց համար ահագին ուժեղ նոկաուտ էր, քո թեթև ձեռքով Հայաստան մուտք գործեց էպատաժային նոր գրականությունը: Ես հիշում եմ, թե այդ օրերին մենք ոնց էինք ձեռքից ձեռք թռցնում այդ գիրքը. մեր սերունդն առաջին անգամ գրքում ստորոգյալով հայհոյանք կարդաց ու ապշեց: Բայց դա, անշուշտ, գրականություն էր, ո´չ թե ցուցանակ: Սակայն «Հիվանդանոցը» իր այդ ձևի մեջ կարծես պատուհաս դարձավ լիքը ջահելների համար, որովհետև իրենք ֆորմաներ էին վերցնում դրանից, այսպես կոչված, քֆուրի ինստիտուտը բանեցնելով իրենց գործերի մեջ, բայց էպատաժն այդ գործում կարծես դիպվածն է ընդամենը:


-Մենակ էպատաժն էին վերցնում, բայց ազատություն տվեց էլի, չէ՞, ամեն դեպքում՝ տվեց այդ ազատությունը: Էն մեկը շատ կգրի, մյուսը քիչ կգրի, ով պարտվեց՝ կգնա, ով մնաց գրականության մեջ՝ կզտի իրեն: Իսկ եթե չունի՝ չունի: Բոլորս էլ ազդեցություններ ունեցել ենք: Ես,օրինակ, Կոբո Աբեյից շատ եմ ազդվել, բայց հետո մաքրվում ես դրանից։ Եթե ազդեցությունը ճիշտ է, հենց ինքն է օգնում, որ դու իրենից հեռանաս, երբ որ պահը գալիս է, իհարկե: Բայց սկզբում իրեն է քաշում. իր էդ նախադասությունները, դրանք կառուցելու ձևը՝ հետաքրքիր, անկյունային…


-Եվ ինչպես էր սովետը թողել, որ մեզ մոտ նրա «Ավազուտների կինը» կամ «Ուրիշի դեմքը» թարգմանեն, էդ երկու գործերն իրենց սոցռեալիզմին ուղղակի մանկապարտեզ կուղարկեին:


- Բա «Այրված քարտեզը»: Շատ ազդեցիկ է: Ես անկեղծ ընկած էի ազդեցության տակ, հետո դուրս եկա: Էդպես է, եթե գրականություն կա մեջդ, ազդեցությունը օգնում է քեզ: Առանց ազդեցության չի լինի:


-Բայց հիմա դարդներս այն է, որ քո էն քֆուրն արդեն որպես կոնցեպտ է օգտագործվում շատ դեռահաս գրողների կողմից: Ափսոս էլ են, վախենամ՝ մի օր դրանց իրենց իսկ նորափթիթ սեռական հողմերը քշեն-տանեն: Բայց այստեղ ժուլիկության տարրն էլ կա. նրանք իրենց այդպիսով ավելի շատ են հանրայնացնում, կոխում մարդկանց աչքը:


-Սա է. շուտ-շուտ գրեմ, պատասխան ստանամ: Սա գրեմ, որ արագ արձագանք ստանամ: Դա գրականություն չէ, դա ստատուս է: Չի կարելի. գրականությունն այն է, որ որքան խորանում ես, այնքան զգում ես, որ ինքը աշխարհի մեջ չէ: Իրեն չի կարելի այդպես ցուցադրել, ինքը ցուցադրական բան չէ: Գոնե ես հասկացա սա, 25 տարի գրելուց հետո հասկացա՝ չի կարելի այդպես ցուցադրել: Հիմա, օրինակ, չեմ ուզում ասել՝ նայիր՝ ինչ եմ արել: Գրականությունը համեստության եզրեր ունի: Դա իրեն ավելի ծանրակշիռ է դարձնում: Իսկապես էլ այդպես է՝ լավ գրականությունը ծանր է շատ: Հիմա, երբ որ ամեն ինչ գովազդային է, ափալ-թափալ, սպառողական, ընթացքն արագացել է , մարդիկ ոտատակ են գնում, գրականությունը պիտի մի քիչ բարձրացնի մարդուն այդ փոշուց:


-Դուք եթե մեր անկախ Հայաստանի իրականության միջից սկսեիք՝ որպես գրող, կկարողանայի՞ք գրել, ընդհանրապես գրող կլինեի՞ք, երբ գիրը ոչ մի կերպ հաց ու գինի չի դառնում:


-Այ՝ էդ շատ դժվար հարց է: Երևի կլինեի, եթե մեջս կար: Գիտես՝ ամեն դեպքում՝ միստիկական է ամեն ինչ. ես հիշում եմ՝ երբ փոքր էի, ա՛յ, հենց այս փողոցով չեխական «սամակատ» էի քշում: Ազատ էր, սե՜նց Տերյանից իջնում էի տատիս տնից, գնում էի հորս տուն, այ էստեղ՝ էս շենքը: Էդ ժամանակ երևի մի 12-13 տարեկան էի, մի հատ թղթի վրա ինչ-որ բան գրեցի, հիմա չեմ էլ հիշում, թե ինչ, հետո էդ թուղթը ծալեցի ու գցեցի Սարինյանի շքամուտքը: Հետո անընդհատ մտածում էի՝ ես էս թուղթը ինչի՞ գցեցի էդտեղ: Ոնց որ ուզեի թաքցնել: Կարող է՝ հենց էդ ժամանակ է գրականությունը մտել ներսս, հասկանու՞մ ես: Ինքը տզզոցով կարողա մտնի մեջդ, չհասկանաս:


- Պարո´ն Խանջյան, Ձեր դավանած էքզիստենցիալ փիլիսոփայության մեջ մարդը պատասխանատու է մնացած մարդկանց գործած մեղքերի համար: Մեծ հաշվով՝ երևի սա է էքզիստենցիալիստներիդ ուղերձը: Բայց սա ահագին խնդրահարույց բան է կատարողական իմաստով. հիմա ես լիքը սխալներ ու մեղքեր ունեմ, Դուք ինչո՞ւ պիտի պատասխանատու լինեք իմ գործած այլանդակությունների համար, չեմ հասկանում:


-Գիտես, իմ այս վերջին գործը՝ «Ենոքի աչքը», սկզբում այլ անուն ուներ՝ «Անմեղսունակների առիթը»: Ես այդ վեպում եկա այն համոզման, որ ոչ մեկը մեղավոր չէ: Անմեղսունակ են բոլորը: Էս մարդը մեղավոր չի, որ ինքը գող է, մեղավոր է իր գենետիկան, հետո՝ դաստիարակությունը: Հասկանում ենք, որ եթե ինքը մարդասպան է, իրեն պետք է մեկուսացնել, նստացնել: Բայց ինքն էլ է անմեղսունակ: Հենց գալիս ես այս աշխարհ, պիտի այս աշխարհից պաշտպանվես. այստեղ քամին է, այնտեղ աղետ կամ քֆուր է: Եթե պատկերացնում ես, գիտես այդ աշխարհը, կարողանում ես պաշտպանվել, եթե ոչ, ուրեմն՝ ընկնում ես: Մարդու վիճակը շատ բարդ է, հատկապես՝ հիմա: Դու պիտի իմանաս՝ ուր ես գնում, բայց դա միանգամից չի գալիս, դու անընդհատ պիտի նախապատրաստվես դրան: Սա ամենաբարդ հարցն է, մնացյալը սեր է:


-Օրինակ՝ այս հասարակությունը սիրելո՞ւ հասարակություն է, չէ՞ որ ձերոնք՝ էքզիստենցիալիստներդ, ասում եք, որ մարդիկ գոյություն ունեն այնքանով, որքանով իրենց կարողանում են նախագծել և կերտել: Մի պահ մոռանանք, որ իրենք մեր եղբայրներն են, ու Ենոքի ապակի, սառը աչքով նայենք. նրանց՝սիրելո՞ւ բան են:


-Ես սկսել եմ սիրել: Տարօրինակ բան է, լուրջ եմ ասում: Սկսել եմ սիրել ծառերի պես: Ոնց որ ես ծառերն եմ սիրում, այդպես էլ՝ մարդկանց: Իրենք որ կռիվ են անում, չարաճճի են: Դե՝ այդպիսին են , հիմա ի՞նչ անես: Իր գենետիկայով այդպիսին է, եսիմ՝ որ պապի արյունը մեջն է, ինքը պիտի խանչալով, բանով գա: Հիմա խանչալ չկա, բայց նատուրալ իր շարժումները խանչալային են: Հիմա էդ մարդը ի՞նչ անի: Դնենք, կոտորե՞նք, չի լինի: Պիտի այնպիսի համակարգ լինի, որ բոլորի համար հարմար լինի, բայց այդպիսի համակարգեր ուղղակի չեն լինում:


-Հիմա մեր հասարակությունը ինչ-որ իմաստների նոր ֆորմաներ, կոնցեպտներ ունի՞, ի՞նչ է ուզում՝ բացի, իհա´րկե, հացուջրից, որ ցանկացած օրգանիզմի կենսական պահանջն է:


-Ո´չ, չունի, և դա ամենամեծ պակասն է: Իսկ դա կարևոր է, որպեսզի այս թրթուրների տակից կարողանանք մի կերպ փրկվել, ազգային դեմքը պաշտպանել, որովհետև բոլորը մտել են իրար մեջ , անհետաքրքիր է դառնում այս մոլորակն այլևս: Մոլորակը հետաքրքիր է այ՝ այդպիսի բաներով, էթնիկ կերպարներով, գույներով: Պիտի ունենանք այդ գաղափարը, թեկուզ սուտ լինի այն: Բայց մի հատ լավ ազգային գաղափար պիտի լինի անպայման:


-Կարո՞ղ է՝ պառավել ենք, անհավես դարձել, բա պատերազմ հաղթեցինք վերջապես, գնայինք,լցվեինք, էդ հողն ապրեցնեինք, դրանից էլ լա՞վ գաղափար, կիլոմետրերով գնում ես էդ հողով, մի հողվոր, ծաղկած այգիներ, հղի հարսներ չես տեսնում:


-Հա´, դեկորատիվ բաներ ենք անում, ասենք՝ Օպերայում համերգ ենք անում ու ծափ տալիս: Ես հիշում եմ՝ 88-ի վերջին միտինգներին Վանոն եկավ, դեռ անկեղծ էին տղերքը, և ասաց ՝ «ժողովուրդը փչանում ա, ոնց որ փչանում ա», այսինքն՝ գռփում են,արդեն սկսել են: «Վատ ա»՝ ասեց, «վարի ենք գնում»: Անկեղծորեն խոստովանեց: Դրանից հետո պարզ էր արդեն: Բայց էդ դուխը եթե պահվեր, էդ ժամանակից, չքանդվեր, հիմա ինչե˜ր էին արվել այդ դուխով: Հիմա ուրիշ երկիր կլիներ, բայց էլի կորած չի, կանենք, այսպես չի մնա:


-Մենք, ձեն ձենի տված, հիմնականում վատն ենք տիրաժավորում, երևի լավի մասին չենք խոսում, որ չցնդի, մնա, լավը մնա մեր ներսում: Վատ բաները հեշտ է բերել խոսքի դաշտ, լավի մասին երբ ուզում ես խոսել, կարկամում ես կամ երևի նաև՝ ամաչում, որովհետև լավը բնականն է, մարդը սովոր չէ հիանալ երևույթների բնականոն ընթացքով:


-Չպիտի ամաչենք լավ բաներ ասելուց: Մեկ-մեկ պիտի ասենք, մեկ-մեկ մի անակնկալ միտք, որ ասվում է, մարդը պոկվում է, բարձրանում: Մի՝ ոնց ես, լավ եմ, ու հանկարծ մի այլ բան է լսում, որը հեչ կապ չուներ, կարծես, այս ամբողջի հետ. էս ի՞նչ էր, որտեղի՞ց: Մտածելու բանը միշտ կա, էլի, խորանալու բանը: Էդ կայծը պիտի գցվի միշտ, որովհետև շատերի մեջ կան կետեր, այդ կետերը բարձրացնել է պետք: Իրենք միջինով գնում են, բայց իրենք ունակ են, պոտենցիալ ունեն: Պարզապես՝ պետք է իրենց բարձրացնել միջին սպառողի մակարդակից:


-Գուրգեն, վերջին գրքիդ հետգրությունը մամայիդ մասին շատ հուզիչ էր. «Վեպն ավարտում էի, մահացավ մայրս, կանչեցի՝ մամ, վեպն ավարտում եմ, քեզ եմ նվիրելու…»: Սա իրակա՞ն է, այսպես եղե՞լ է…


-Հա, ինքը մահանում էր արդեն, անկողնու մեջ էր: Ինքը որոշեց մահանալ:


-Որտեղ գրում էիր վեպդ, այդ տա՞նն էր:


-Հա՛: Ես «Ենոքի աչքը» գրում էի այդ ժամանակ, ու ինքն արդեն կիսով այնտեղ էր, հոգեվարքի մեջ էր, մեկ-մեկ հետ էր գալիս:


-….հա:


-Մոտեցա, ականջին ասացի՝ մա՛մ, վեպը, որ ավարտել եմ, քեզ եմ նվիրելու: Մեծ ճիգով իրեն հետ բերեց, կարողացավ ժպտալ: Դեմքը աշխատեց այդ պահին: Դրա համար ես չէի կարող դա չգրել ու վերջում որպես հետգրություն պիտի գրեի:


Շարունակելի


Զրուցեց ՎԱՐԴուհի Սիմոնյանը

 

 

Անմեղսունակների առիթը, կամ ոչ մեկը մեղավոր չէ. առաջին մաս