Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ի նպաստ մանուկների կրթության համագործակցության հուշագիր է ստորագրվել

12:55 • 23.06.14

Հունիսի 23-ին Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում` «Ալեք և Մարի Մանուկյան» Գանձատանը, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի, տեղի ունեցավ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) և «ՄԳԱ Վոթըր» ՍՊ ընկերության միջև համագործակցության hուշագրի ստորագրման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Մայր աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը:


Համագործակցության հուշագրի կնքման նպատակն է նպաստել երեխաների իրավունքների պաշտպանությանը, մանուկների սոցիալական վիճակի բարելավմանը նպատակաուղղված ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, երեխաներին ուղղված մշակութային, հոգևոր-բարոյական դաստիարակության, գիտական ու հրատարակչական ծրագրերի իրականացմանը, երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, մասնագիտական կրթության որակի բարձրացմանը:


Արարողությունը բացվեց աղոթքով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Մայր աթոռի ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:


Այնուհետև Մայր աթոռի քրիստոնեական դաստիարակության տնօրեն Տ. Վարդան վարդապետ Նավասարդյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիեթե Ահրենսը և «ՄԳԱ Վոթըր» ՍՊ ընկերության խորհրդի նախագահ, UNICEF-ի Ազգային դեսպան Գագիկ Մարտիրոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիրը, ապա շնորհավորեցին ներկաներին Վեհափառ հայրապետի օրհնությամբ սկզբնավորվող այս համագործակցության առիթով` վստահություն հայտնելով, որ այն նոր խթան պիտի հանդիսանա Հայաստանի մանուկների բարօրությանն ուղղված տարաբնույթ ծրագրերի մշակման և իրականացման համար:

 

 

Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ի նպաստ մանուկների կրթության համագործակցության հուշագիր է ստորագրվել