Վրաց սոպրանոյին հեռացրել են Ավստրալիայի օպերայից՝ միասեռականներին դեմ լինելու պատճառով

14:49 • 23.06.14

Ավստրալիայի օպերայի տնօրինությունն աշխատանքից ազատել է ծագումով վրացի հայտնի սոպրանո Թամար Իվերիին, երբ վերջինս իր ֆեյսբուքյան էջում միասեռականների դեմ ուղղված գրություն է արել։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, Իվերին սոցկայքում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողներին համեմատել է «արտաթորանքի» հետ. սա առաջացրել է հասարակության վրդովմունքը։

 

Այս ամենի հետևանքով օպերայի տնօրինությունը ստիպված է եղել չեղյալ հայտարարել Իվերիի հետ պայմանագիրը, ով պետք է ելույթ ունենար «Օթելլոյի» բեմադրությունում՝ որպես Դեզդեմոնա։ Տնօրինությունը նշել է, որ սոպրանոյի վերաբերմունքը միասեռականների հանդեպ «անարդար ու անբարեխիղճ է»։

 

Սակայն Իվերին պնդում է, որ գրությունն իր անձնական էջում արել է ոչ թե ինքը, այլ ամուսինը, ով հավատացյալ է ու շատ անհանդուրժողական միասեռականների հանդեպ։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ «արտաթորանքի» վերաբերյալ գրությունը վերաբերել է վերջերս Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում միասեռականների ու նրանց դեմ ելած քրիստոնյա ուղղափառների միջև տեղի ունեցած բախումներին։

 

«Ես հպարտ եմ զգում այն փաստից, որ վրաց հասարակությունը դեմ է միասեռականների շքերթին։ Երբեմն հարկավոր է մի քանիսի դեմքը ջարդել, որ ապագայում քեզ որպես ազգ հարգեն ու քեզ լուրջ վերաբերվեն։ Խնդրում եմ, մի՛ օգնեք Արևմուտքի եռանդուն ջանքերին, որոնք ուղղված են «արտաթորանքից ստեղծված զանգվածներին» մարդկանց մտածողության շրջանակներում տեղավորելուն»,-նշվել է գրությունում։

 


 

Վրաց սոպրանոյին հեռացրել են Ավստրալիայի օպերայից՝ միասեռականներին դեմ լինելու պատճառով