«Շքամուտք»-ը մարդկանց դեմքին ներքին ժպիտ կառաջացնի. ռեժիսորը՝ իր ֆիլմի մասին

15:57 • 24.06.14

«Ոսկե» ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում ընդգրկված «Շքամուտք» ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանը գտնում է, որ իր ֆիլմը հանդիսատեսի դեմքին ներքին ժպիտ կառաջացնի:


Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով ֆիլմի գաղափարը՝ ռեժիսորն ասաց. «Ֆիլմի գաղափարը՝ մի մուտք, մի քաղաք մի մոլորակ, այսինքն՝ պատմություններ են, որոնք տեղի են ունենում մի շքամուտքում, կարող են տեղի ունենալ նաև ապագայում, քանի որ մարդկային ճակատագրերի մասին է: Գաղափարն ամբողջական պատկերացնելու համար ասեմ, որ այն մադու հոգեբանական պայքարի ուժի մասին է, որն 90-ականների ծանր ժամանակաշրջանը հաղթահարելով հասնում է մեր օրեր»:


Լուսինե Սարգսյանի խոսքով՝ Ֆիլմն ընդգրկում է երկու ժամանակաշրջան, 90-ականներից մինչև մեր օրեր և ավելի շատ համամարդկային կոնկրետ պատմություններ ունի իր մեջ: Ֆիլմում արտացոլվում են 90-ականների սոցիալական խնդիրներն ամբողջ պատկերով:


«Իհարկե, ժանրային առումով ծանր ֆիլմ չէ, 90-ականները ներկայացված են գուցեև սարկազմով, և դրա մեջ ես տեսնում եմ այդ ժամանակվա մարդկանց ուժը»,- ասաց նա՝ հավելելով, որ ֆիլմում ներկայացված երկու նովելներն ազատամարտիկի և արտագնա աշխատանքի մեկնողի մասին են:


Լուսինե Սարգսյանի խոսքով՝ ֆիլմը սոցիալական չէ, ավելի շատ հոգեբանական է, մարդկանց ճակատագրերի և վերածնվող քաղաքի մասին է: Հարցին, թե ինչ կտա այն դիտողին, ռեժիսորը պատասխանեց, որ այն դիտողին կտա պարզ մարդկային ջերմություն։


«Չգիտես ինչու մտածում եմ, որ մարդկանց դեմքին ներքին ժպիտ կհայտնվի, իսկ երիտասարդներին գուցե հետաքրքիր լինի այն անցյալը, որն իրենք չեն ապրել, բայց դա ժամանակաշրջան է երկրի, որը միշտ հետաքրքիր է ցանկացած մտածված մարդու համար: Եվ իհարկե, այն հարաբերություններից, որոնք ներկայացված են ֆիլում, նրանք կվերցնեն ինչ-որ բան, որը մարդկային որակական հատկանիշներին է վերաբերում: Իսկ միջին սերունդը հետաքրքրությամբ կդիտի, որովհետև իրենց մասին է»:


Լուսինե Սարգսյանը նաև նկատեց, թե առաջին հերթին այդ ֆիլմը հայ իրականության մասին է, և իր համար շատ կարևոր է, թե հայ հանդիսատեսը և հայ կինոգետն ինչ կարծիք կունենան, քանի որ դա հայի մասին ֆիլմ է, չնայած՝ ամբողջ աշխարհում էլ կարող են նման բաներ լինել:


Իսկ թե ինչու «Ոսկե ծիրան»–ին ներկայացվեց ֆիլմը, ռեժիսորը պատասխանեց. «Ասեմ, որ շատ եմ սիրում այս փառատոնը, որովհետև միշտ շատ հետաքրքիր մարդիկ են լինում, որոնք բավական լուրջ մոտեցում ունեն կինոյին և ինչքան որ ես նկատում եմ, «Ոսկե ծիրանը» բավական լավ ծրագիր է ունենում, և կուզեի առաջին հերթին հենց իմ երկրում գնահատական ստանալ, հետո նոր դրսում»:

 

 

 

«Շքամուտք»-ը մարդկանց դեմքին ներքին ժպիտ կառաջացնի. ռեժիսորը՝ իր ֆիլմի մասին