1942-ին հանձնված «Օսկար» մրցանակն աճուրդում վաճառվել է 79.000 դոլարով
Ռոդ Այլենդում (ԱՄՆ) կայացած աճուրդում բեմադրող նկարիչ Ջոզեֆ Ռայթին 1942-ին «Իմ ընկերուհի Սելը» ֆիլմում «Նկարչի լավագույն աշխատանքի» համար հանձնված «Օսկար» մրցանակը վաճառվել է 79.200 դոլարով, հայտնում է РИА Новости-ն։
Ռայթը մահացել է 1985-ին, և արձանիկը ժառանգաբար փոխանցվել է նրա զարմիկին։ Brairbrook Auctions աճուրդի տան ներկայացուցիչ Նենսի Թեյլորը հրաժարվել է բացահայտել գնորդի անունը։
Լոնդոնում կայացած մեկ այլ՝ Bonhams աճուրդում 902.500 ֆունտ ստեռլինգով վաճառվել է Պոլ Գոգենի «Վարդերի փունջ» կտավը։ Հատկանշական է, որ այս աշխատանքն աճուրդի տունը չի դիտարկել որպես գլխավոր նմուշ։

Պիեռ Օգյուստ Ռենուարի «Ձիթենիներ Կաննում» աշխատանքը վաճառվել է 446.500 ֆունտ ստեռլինգով։ Կտավը նկարվել է 1909-ին՝ նկարչի ստեղծագործական ծաղկման շրջանում։ Իսկ Սալվադոր Դալիի՝ «Լեդի Գոդիվա» բրոնզե քանդակը վաճառվել է 302.500 ֆունտով։










