Թբիլիսիում հայկական տոլմայի փառատոն կանցկացվի

20:22 • 25.06.14

Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում հունիսի 29-ին կանցկացվի հայկական տոլմայի ավանդական փառատոն-մրցույթը: Այս մասին հայտնում է Новости-Грузия-ն՝ Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատուրյանին հղումով:


Ինչպես ներկայացնում է աղբյուրը՝ տոլման խաղողի կամ կաղամբի՝ մսի ու բրնձի խառնուրդով լցոնված տերևներն են, ինչպես նաև` լցոնված բանջարեղենը` բիբարը, լոլիկը կամ սմբուկը:


Մրցույթի մասնակիցները պետք է իրենց հետ բերեն արդեն պատրաստի ուտեստները, որոնք ժյուրիի անդամները կգնահատեն ինչպես համային որակներով, այնպես էլ` արտաքին տեսքով: Արդյունքում` երեք հաղթող կորոշվի, ովքեր կազմակերպիչներից խրախուսիչ մրցանակներ կստանան:


Տոլման համտեսել կկարողանա յուրաքանչյուրը, ով ցանկանա, և՝ բացարձակ անվճար: Միջոցառումը կսկսվի տեղի ժամանակով 13:00-ին:


«Փառատոն-մրցույթի նպատակը հանրությանը հայկական ավանդական ուտեստներին ծանոթացնելն է, որոնցից հիմնականն էլ տոլման է: Արդեն մրցույթին մասնակցելու ցանկություն է հայտնել  10 տնտեսուհի», - ասել է Սուսաննա Խաչատուրյանը:

 

Առաջին անգամ «Տոլմա-2013» փառատոն-մրցույթը Թբիլիսիում անցկացվել է անցյալ տարվա հուլիսին: Կազմակերպիչների խոսքով՝ անցյալ տարի միջոցառմանը մասնակցել է 12 կին, իսկ փառատոնին այցելել են բազմաթիվ հյուրեր տարբեր քաղաքներից, ինչպես նաև՝ զբոսաշրջիկներ:


 

Թբիլիսիում հայկական տոլմայի փառատոն կանցկացվի