Մենք պետք է չմոռանանք, որ յուրահատուկ մշակույթ և լեզու ունենք. Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանում է

15:06 • 26.06.14

Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը մի քանի համերգ ներառող հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում և Արցախում: Անվանի երգչուհին իր հյուրախաղերի շրջանակում առաջին անգամ հանդես կգա Ստեփանակերտում: Այս մասին տեղեկացնում է armenpress.am-ը։


«Արցախում ելույթ ունենալը «ԱԶԴ փրոդաքշն»-ի նախաձեռնությունն է: Սկզբից մտածում էի, որ 6 ժամ ճանապարհ պետք է գնամ, դժվար կլինի, բայց այժմ ոգևորված եմ: Երբ այսօր առավոտյան արթնացա, Երևանը քնած էր: Ամենուր հանդարտություն էր: Նյու Յորք քաղաքը 24 ժամ աշխատում է, իսկ այստեղ դրսում միայն մի կին էր ավլում: Երևանը կապված է իմ կյանքի պատմության հետ: Կամաց-կամաց այն վերանում է, որոշ տեղեր ճանաչում եմ, որոշ տեղեր մնալու դեպքում կկորչեմ: Քաղաքում փոփոխություններ կան, որ գովելի են, կան որ` ոչ»,- նշել է Տաթևիկ Հովհաննիսյանը:


Նա կցանկանար, որ հայերը պահպանեն մեր ավանդույթները: «Բացարձակապես կարևոր չէ, որ լինենք եվրոպական քաղաք: Մենք պետք է չմոռանանք, որ յուրահատուկ մշակույթ և լեզու ունենք, պետք չէ շատ եվրոպականանալ»,-հավելել է Տաթևիկ Հովհաննիսյանը:


«Խորհրդային ջազի թագուհին» ընդգծեց, թե ԱՄՆ չի գնացել, որ աստղ դառնա, այլ գնացել է, որ սովորի: «Ամեն մեկից մի բան սովորում ես, ինձ համար աճը կարևոր է: Ես այստեղից լեգենդար եմ գնացել, մեծամտություն չհնչի, խորհրդային ջազի առաջին տիկինն էի: ԱՄՆ-ում ամեն ինչ զրոյից եմ սկսել, նորից սկսել եմ շարել քարերը: Երկիրը լքելիս բոլորն են շոկ ունենում: Բոլորս ունենք արմատներ, իսկ «քոքահան» լինելը հեշտ չէ, հեշտ չի տեղադրել մեկ այլ հողի մեջ, թե չէ կչորանա և կգնա»,-նշեց Տաթևիկ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով, ԱՄՆ-ում բոլորն աշխատում են քրտնաջան, և աշխատանքն այնտեղ հիվանդության աստիճանի է հասնում: «Ինձ տվեք բեմ, երաժշտություն և դրանով ես կլիցքավորեմ բոլորին»,-ժպիտով նշեց երգչուհին:
Մանրամասներն՝ այստեղ։
 



 

Մենք պետք է չմոռանանք, որ յուրահատուկ մշակույթ և լեզու ունենք. Տաթևիկ Հովհաննիսյանը Երևանում է