«Ոսկե ծիրանի» շնորհիվ Հայաստանն այսօր մեծ հեղինակություն ունի. օտարերկրյա դեսպանները՝ փառատոնի մասին
«Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ևս համագործակցում է ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունների հետ: Փառատոնային մի շարք նախաձեռնություններ իրականացվում են ՀՀ-ում Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Իսրայելի (Իսրայելի պատվավոր հյուպատոսի երևանյան գրասենյակի) դեսպանությունների աջակցությամբ:
Այդ առթիվ այսօր հրավիրված մամուլի ասուլիսին մասնակցեցին Հայաստանում նշված երկրների դեսպանները:
ՀՀ Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը նշեց, որ իրենք ևս մեծ հուզումով են սպասում այս իրադարձությանը: «Փառատոնը ոչ միայն Հայաստանում, այլ նաև տարածաշրջանում շատ կարևոր դեր ունի, հենց այս փառատոնի շնորհիվ է, որ Հայաստանը բավականին մեծ հեղինակություն է վայելում աշխարհում»,-ասաց նա՝ ավելացնելով, որ շատ ողջունելի է, երբ փառատոնին երիտասարդ ռեժիսորներ են ներկայացված:
ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության հետ համագործակցությամբ և Գյոթեի ինստիտուտի աջակցությամբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնը նախաձեռնել է «Նոր գերմանական կինո» ծրագիրը, որի շրջանակում ներկայացվելու է գերմանական արտադրության՝ վերջերս ստեղծված լավագույն ֆիլմերից երեքը՝ «Ջեքը», «Աշխարհների միջև», «Սիրո բիֆշտեքսներ»: Այս ծրագրի մեկնարկը տրվելու է հուլիսի 16-ից:
ՀՀ–ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն ուրախություն հայտնեց համագործակցության համար:
Նշենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ ավանդական դարձած համագործակցության արդյունքում այս տարի ևս հնարավոր կդառնա մի քանի անվանի ֆրանսիացի կինոգործիչների երևանյան ներկայությունը և փառատոնային մասնակցության ապահովումը: Դեսպանության աջակցությամբ երևանյան փառատոնին ներկա են լինելու դերասանուհի Աննա Մուգլալիսը, կինոքննադատ Ժան-Քրիստոֆ Ֆերարին, պրոդյուսեր Ռոն Դյենը և կինոարվեստի այլ գործիչներ : Փառատոնի մրցութային տարբեր ծրագրերում ներկայացվելու են ֆրանսիական արտադրության կամ համատեղ արտադրության շուրջ 10 ֆիլմ:
Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ իրականացվելու է նաև հռչակավոր ռեժիսորներ Ամոս Գիտայի և Օթար Իոսելիանիի հեռահայաց ցուցադրությունների ծրագիրը: Համագործակցությունը հնարավոր է դարձրել նաև Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկիի հեղինակած «Բարբարոս երկիր» վավերագրական, նաև Ժան Լյուք Գոդարի ֆիլմի երևանյան պրեմիերաների իրականացումը:
ՀՀ ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի գործող ղեկավար Վիոլետա Տալանդիսն ընդգծեց, որ ամերիկյան դեսպանությունը ողջունում է այս փառատոնը և տեղեկացրեց, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ կինոփառատոնի շրջանակներում իրականացվելու է Հայաստան-Թուրքիա պլատֆորմ համատեղ արտադրության դասընթաց-արվեստանոցը, որն այս տարի տեղի կունենա հուլիսի 14-16-ը: Ծրագրի օրակարգը բաղկացած կլինի և անհատական, և խմբակային դասերից, նախագծերի ներկայացումներից և պաշտպանություններից: Դասընթացին մասնակցելու համար ընտրվել է 10 նախագիծ՝ հինգը Հայաստանից, հինգը՝ Թուրքիայից: Լավագույն նախագիծը կարժանանա 10 հազար դոլարին համարժեք դրամական պարգևի:
ՀՀ Լեհաստանի Հանրապետության դեսպանության Առաջին խորհրդական, Քաղաքական բաժնի ղեկավար Ռոբերտ Ռոկիցկին հիշեցրեց, որ այս տարի ևս լեհական կինոգործիչների մեծ մասնակցություն կլինի փառատոնին:
ՀՀ-ում Լեհաստանի դեսպանության հետ փառատոնի համագործակցությանն այս տարի նշանավորվելու է հռչակավոր ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսիի ներկայությամբ և նրա՝ Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին արժանացած «Հաստատուն գործոն» ֆիլմի երևանյան պրեմիերայով: Իսրայելի պատվավոր հյուպատոսի երևանյան գրասենյակի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր է դարձել «Արարողություն» ֆիլմի ցուցադրումը:










