6-րդ տեղը զբաղեցրած մարզիկին «Զվարթնոցում» դիմավորում են, իսկ կոմպոզիտորների հաջողություններից անտեղյակ են. Արամ Սաթյան

13:10 • 27.06.14

Սպորտում 6-րդ տեղը զբաղեցրած մարզիկին «Զվարթնոցում» դիմավորում են, իսկ միջազգային հեղինակավոր մրցույթներում գլխավոր մրցանակներ ստացած հայ երիտասարդ կոմպոզիտորների հաջողություններից հայաստանյան հասարակությունն անտեղյակ է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության» նախագահ Արամ Սաթյանը՝ սրա համար հիմնական պատասխանատու համարելով լրատվական դաշտին։


«Հայաստանի տեղեկատվական դաշտը դատարկ է, չի արձագանքում հայ կոմպոզիտորների հաջողություններին»,- հայտարարեց Արամ Սաթյանը:


Այս ընթացքում, նրա տեղեկացմամբ, կոմպոզիտորների միությունը, բացի մի շարք կառուցվածքային փոփոխություններից նաև համերգային բազմաթիվ ծրագրեր է արել: Այս ընթացքում արդեն եղել է 3 երաժշտական փառատոն, 4-րդն ընթացքի մեջ է, 5-րդը կմեկնարկի հունիսի 30-ին:


«Սա ահռելի մեծ ծավալ է, մանավանդ երբ խոսում ենք մեր երիտասարդ կոմպոզիտորների մասին, խոսում ենք երեխաների մասին, որովհետև եղել է նաև երեխաների կոմպոզիտորական մրցույթ՝ Միրզոյանի անվան»,- տեղեկացրեց նա:


Իսկ հայ երիտասարդ կոմպոզիտորների փառատոնին կատարվել են ոչ միայն կոմպոզիտորների միության անդամների ստեղծագործությունները, այլև՝ Կոնսերվատորիայի ուսանող կոմպոզիտորների:


Արամ Սաթյանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերին կայանալիք հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների փառատոնին հրավիրված են լինելու միջազգային հանրահայտ ձայնագրող ընկերությունների ներկայացուցիչներ՝ ի դեմս «SONY», «SIKORSKI» ընկերությունների:


«Կարող եմ ասել, որ համագործակցությունը գնում է, և արդեն տպագրվում ու պատրաստվում են մեծ քանակությամբ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Սա ինչո՞ւ է պետք։ Պետք է, որ մենք մասնակցենք ու ունենանք, օրինակ՝ «Գրեմմի» մրցանակ, որովհետև կոմպոզիտորների միությունը ու նույնիսկ՝ նախարարությունը չեն կարող մտնել մրցութային այդ պրոցեսի մեջ: Դա պետք է ներկայացվի այդ կազմակերպությունների կողմից, որոնք կարող են ներկայացնել այդ ձայնագրությունները»,- մանրամասնեց Արամ Սաթյանը:


 

 

6-րդ տեղը զբաղեցրած մարզիկին «Զվարթնոցում» դիմավորում են, իսկ կոմպոզիտորների հաջողություններից անտեղյակ են. Արամ Սաթյան