Եկեք մենք մեզ սիրենք, որ ուրիշներն էլ մեզ սիրեն. Ա. Սաթյանը հերքում է, որ հայ կոմպոզիտորների երաժշտության պահանջարկ չկա
Հայաստանում կա հայ կոմպոզիտորների երաժշտության պահանջարկ, և դա հեռուստատեսությունների սուտն է, որ նման պահանջարկ չկա: Եվ նախ՝ մենք պետք է սիրենք մեզ, կատարենք մերը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին հայտարարեց Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Արամ Սաթյանը՝ ավելացնելով. «Մեր կոլեկտիվները մեզ կատարեն , որ հետո ուրիշները մեզ կատարեն»:
Արամ Սաթյանն առանց անուն տալու նշեց, որ հեռուստաընկերություններից մեկի ղեկավարը հայտարարել էր, որ Հայաստանում Արամ Խաչատրյանի պահանջարկ չկա, ապա հարց տվեց .«Էդ ո՞նց է, որ ողջ աշխարհում Արամ Խաչատրյանի պահանջարկ կա, այսօր նա ամենաշատ կատարվող կոմպոզիտորն է ողջ աշխարհում: Կարո՞ղ եք բացատրել՝ ո՞ւմ մեղքն է, իհարկե, պրոպագանդա է: Դրա համար, եթե մենք աշխատում ենք ուրիշ ազգի վրա, խնդրե՛մ, թող մեր հեռուստաընկերություններն իրենց ռեյտինգը բարձր պահեն, բայց ուզում եմ ասել՝ սիրեք մեր ազգը ու հերիք է մենք անընդհատ նայենք, թե ինչ անգլիական երգ է հնչում»:
Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը հավելեց, որ «Պահանջարկ չկա» -ն արդարացում չէ, պահանջարկը մենք ենք ստեղծում: Ավելին՝ եթե մենք մերը չպահպանենք, ոչ ոք այն չի պահպանելու:
Արամ Սաթյանը բերեց իր անձնական օրինակը, երբ 70 –ականներին, ամբողջ Խորհրդային Միության նվագախմբերը կատարել են Արամ Սաթյան:
Հայ երաժշտության զարգացման նրա բանաձևը հետևյալն է. ներարկենք հայ երաժշտությունը , ապա այն արտահանենք:
Շարունակելով հայ երաժշտության զարգացման թեման, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը հիշեց, որ մենք հաղթող ժողովուրդ ենք, մենք ունենք Սարդարապատի հաղթանակ, Ղարաբաղյան պատերազմ, բայց մինչ օրս ոչ մի բալետային ներկայացում կամ օպերա չի ստեղծվել այս թեմաներով:
Նման մեծածավալ երաժշտական ստեղծագործությունների ստեղծումը, Արամ Սաթյանի գնահատմամբ միմիայն պետք է լինի պետպատվերով:










