Թթի, խորովածի, գինու... 6 փառատոն ընդգրկվել է ԱՊՀ երկրներում զբոսաշրջային տարվա առթիվ անցկացվելիք միջոցառումների ցանկում
Ազգային կոլորիտ ու ավանդույթներ ներկայացնող հայաստանյան 6 փառատոն ընդգրկվել է այն տոնակատարությունների ցանկում, որոնք անցկացվելու են ԱՊՀ երկրներում զբոսաշրջային տարվա կապակցությամբ: Արվեստներին և արհեստներին, խորովածին, գինուն, հայկական գորգերին, Օձունի գանձերին և անգամ Սյունյաց թթին նվիրված փառատոներն այս տարի կտարբերվեն իրենց մասշտաբայնությամբ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը ասել է, որ նման որոշում է կայացվել ԱՊՀ զբոսաշրջային խորհրդի հետ քննարկումների արդյունքում: «Ակնկալում ենք, որ այս տարի փառատոները կլինեն ավելի մարդաշատ, միևնույն ժամանակ ԱՊՀ երկրների զբոսաշրջիկները կծանոթանան հայկական մշակույթին և ավանդույթներին: Սա լավ հնարավորություն է, որ Հայաստանը ներկայանա իր բազմազանությամբ, ինչպես նաև զբոսաշրջային գրավչությամբ: Փառատոներ կլուսաբանվեն ԱՊՀ մյուս երկրներում, և, հնարավոր է, հաջորդ տարիներին ավելի մասշտաբային դառնան»,- ասաց Ապրեսյանը:
Թթի փառատոն Գորիսում
Ընտրված 6 փառատոնից է «Թթի փառատոնը», որը կանցկացվի Գորիս քաղաքում: Փառատոնը կմեկնարկի Գր. Տաթևացու անվան հրապարակից և կշարունակվի քաղաքի կենտրոնական հատվածում ու Հին Գորիսում: Փառատոնի ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան ականատես լինելու թթի օղու թորման ողջ գործընթացին և, իհարկե, տեղում վայելելու այդ հոգեթով խմիչքը: Կկազմակերպվի թթի օղու, թթի դոշաբի, Սյունյաց աշխարհին հատուկ կերակրատեսակների և ուտեստների համտես-վաճառք:
Փառատոնի շրջանակում տեղի կունենան հետաքրքիր և բազմազան միջոցառումներ: Կկազմակերպվի սյունեցի արվեստագետների և կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Հին Գորիսի թատրոնում կբեմադրվի «Մեր ձորերի խորհուրդը» ներկայացումը: Փառատոնի ողջ ընթացքում կհնչեն ազգային երգեր, կկատարվեն ազգային պարեր:
Արվեստների և արհեստների փառատոն Գյումրիում
Այս տարի արդեն երկրորդ անգամ Գյումրիում կանցկացվի Արվեստների և արհեստների փառատոնը, որի շրջանակում կցուցադրվեն տեղացի արհեստավորների, նկարիչների, դարբինների, ոսկերիչների, գորգագործների և քանդակագործների ավանդական ոճի աշխատանքները:
Փառատոնի ընթացքում նաև ելույթ կունենան տեղացի երաժիշտներ, պարային համույթներ և դերասաններ, ինչպես նաև կմատուցվեն գյումրեցի խոհարարների պատրաստած կերակրատեսակներ: Փառատոնի նպատակն է ներկայացնել Գյումրիի պատմամշակութային արժեքներն ու ավանդույթները, ինչպես նաև աջակցել զբոսաշրջային ներուժի զարգացմանը:
Խորովածի փառատոն Ախթալայում
Ինչպես յուրաքանչյուր տարի սեպտեմբերին, այս տարի ևս Ախթալայում կկայանա «Խորովածի փառատոնը»: Փառատոնի նպատակն է բարձրացնել հայկական խոհանոցի իրազեկումը միջազգային մակարդակով, ինչպես նաև զարգացնել տեղական և տարածաշրջանային տուրիզմը: Փառատոնի ընթացքում զբոսաշրջիկները հնարավորություն են ունենում համտեսել հայկական ավանդական խորովածի տարբեր տեսակներ:
Գինու փառատոն Արենիում
Ամեն տարի Արենի գյուղում տեղի է ունենում արդեն ավանդույթ դարձած գինու փառատոնը, որին, բացի տեղաբնակներից, մասնակցում են նաև մարդիկ Հայաստանի տարբեր մարզերից, հյուրեր տարբեր երկրներից, այցելուներ և զբոսաշրջիկներ ամբողջ աշխարհից: Սկսած հին ժամանակվանից Հայաստանը հայտնի է եղել գինու պատրաստմամբ, և յուրահատուկ ավանդույթը պահպանվել է մինչ օրս: Խաղողի վազի հին հետքեր են հայտնաբերվել կավե լճում` տեղակայված Վայոց ձորի Եղեգիս գետի վերին հոսանքներում, և այս հետքերի հնագիտական ուսումնասիրությունները ապացուցում են դրանց հին ծագումը, խաղողն այստեղ ճզմվել և թորվել է պղնձե դարում, մոտավորապես 6000 տարի առաջ:
Գորգի փառատոն Դիլիջանում
Հոկտեմբերին Դիլիջանում կմեկնարկի «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի փառատոնը: Բացի հայկական ավանդական գորգերի և դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշների ցուցադրումից, փառատոնի ընթացքում կներկայացվեն հայկական խոհանոցի ուտեստներ, այդ թվում` նաև տեղի առանձնահատկություններով: Փառատոնը կուղեկցվի համերգային ծրագրերով:
Օձունի գանձերը Լոռիում
«Օձունի գանձերը» փառատոնը կներկայացնի Լոռու մարզի պատմամշակութային ժառանգությունը, գյուղատնտեսական ողջ ներուժը և կնպաստի համայնքներում զբոսաշրջության զարգացմանը: Օձունում առաջին փառատոնն անցկացվել է 2012 թվականին «Լույս» հիմնադրամի «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակում G2iA-ի, «Լույս» հիմնադրամի, Օձունի գյուղապետարանի, եկեղեցու և մշակույթի տան համատեղ ջանքերով: Այդ ընթացքում իրականացվել է 3 ծրագիր՝ Օձունի գրադարանի և մշակույթի տան վերանորոգում, վայրի խոտաբույսերի մշակում և թեյերի փորձնական արտադրություն , «Օձունի գանձերը» ամենամյա փառատոնի մեկնարկում։










