19-րդ դարի ամերիկացի նկարչի ավազե աշխատանքները տարաների վրա փակցված պիտակներ են հիշեցնում (լուսանկարներ)
Ամերիկացի ինքնուս նկարիչ Էնդրյու Քլեմենսը, ով ապրել ու ստեղծագործել է 19-րդ դարում (1857-1897թթ.), իր յուրահատուկ տաղանդի շնորհիվ գունավոր ավազից ստեղծել է անհավանական գեղեցիկ ու մանրակրկիտ աշխատանքներ։
Ինչպես նշում է Oddity Central-ը, տղամարդը խուլ ու համր է եղել, սակայն չի կորցրել գեղեցիկն արարելու և գնահատելու կարողությունը։ Քլեմենսը մեկը մեկից ապշեցուցիչ ավազե պատկերներ է ստեղծել փոքր շշերի մեջ, որոնց հեռվից նայելիս տպավորություն է ստեղծվում, թե տարաների վրա գեղեցիկ պիտակներ են փակցված։
Նրա աշխատանքներին նայելիս դժվար է հավատալ, որ ավազե հատիկներն իրար ամրացված են մնում առանց սոսնձի օգտագործման։
Թեև Քլեմենսի ստեղծագործությունները 19-րդ դարի համար ուղղակի կատարյալ էին, սակայն կենդանության օրոք նա լայն ճանաչում չի ունեցել։ Այնուհանդերձ, նրա արվեստը դիմացել է ժամանակի փորձությանն ու հասել 21-րդ դար՝ առանց անգամ 1 ավազահատիկ տեղից շարժելու։



















