Երևանի դատավճիռը կայացվել է հենց Թամանյանի օրոք. Սամվել Կարապետյան
Երևանի օրինակից պետք է դասեր վերցնեն, որպեսզի Հայաստանի մյուս քաղաքներում նորը չկառուցեն հնի հաշվին: Նման կարծիք այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը և նշեց, որ թեև Ալեքսանդր Թամանյանը հանճարեղ ճարտարապետ էր, բայց սխալը հենց իր օրերից է գալիս:
«Երևանի դատավճիռը կայացվել է հենց Թամանյանի օրոք, որովհետև հին քաղաքի վրա որոշել են նոր քաղաք կառուցել, ու եթե միայն իմանաք, թե ինչպիսի շինություններ են քանդել: Հիմա ինչ շենք կենտրոնում քանդում են, ի հայտ են գալիս ավելի հին շինության նկուղները: Այնինչ Թամանյանի օրոք ամբողջ ներկայիս Աջափնյակը պարապ կանգնած էր ու փոխանակ այն ժամանակ այդ նորը կառուցեին հենց այդտեղ, սկսել են քանդել շենքեր, կառուցել նորը»,-ասաց նա։
Սամվել Կարապետյանի խոսքով՝ այն ինչ տեղի ունենում Երևանում, իրականում սկսվել է դեռևս տասնամյակներ առաջ: Ըստ նրա իրականում մեր հասարակությունը չունի այն դաստիարակությունը, կրթությունը, որ գնահատի իր ունեցածը:
«Այսօր երիտասարդները պայքարում են Աֆրիկյանների շենքի համար, բայց ծխում են ու մնացորդը շպրտում այդ տարածքում, սա ևս ընդունելի չէ, իհարկե, քեֆ չեն անում հուշարձանի մոտ, ինչպես Զվարթնոցի պարագայում, բայց իրենց արածը ևս ընդունելի չէ: Երբ որ հասարակությունը ազգային չէ, գերակա արժեքը հայրենիքը չէ, ուրեմն առողջ չէ»,-ասաց նա:










