Նյու Յորքում Սերգեյ Դովլաթովի անվան փողոց կհայտնվի
Նյու Յորքի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել օրենքի նախագծին, որը նախատեսում է քաղաքի փողոցներից մեկին հայ-հրեական ծագումով խորհրդային գրող Սերգեյ Դովլաթովի անունը տալ: Այդ մասին ասված է Change.org կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, որտեղ անցկացվել է այդ նախաձեռնությանն աջակցության ստորագրահավաքը, գրում է interfax.ru-ն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ այժմ օրենքը պետք է ստորագրի քաղաքապետը, ինչից հետո այն վերջնականապես ուժի մեջ կմտնի:
Դովլաթովի անունով նախատեսվում է վերանվանել Քվինս թաղամասում 63-րդ և 108-րդ փողոցների խաչմերուկը, որտեղ գրողն ապրել է տասը տարի: Փողոցը կստանա «Sergei Dovlatov Way» անունը: Այդ որոշումը կայացնելու խնդրանքով քաղաքային իշխանություններին ուղղված խնդրագիրը պատրաստել էր Դովլաթովի երկրպագուների նախաձեռնող խումբը:
Սերգեյ Դովլաթովը տեղափոխվել է Նյու Յորք 1978 թվականին և ապրել այնտեղ մինչև կյանքի վերջ:










