Աշխարհի 10 ամենախորհրդավոր հնագույն կառույցը՝ լուսանկարներով
Մարդիկ տիեզերք են թռչում, մեկը մյուսին շրջանցելով` բարձրաբերձ երկնաքերեր կառուցում, կենդանի օրգանիզմներ են կլոնավորում և շատ ու շատ այլ գիտական նվաճումների են հասնում, որոնք տարիներ առաջ անհնարին էին թվում, սակայն մինչ օրս չեն կարողանում բացատրել հազարավոր տարիներ առաջ ապրած շինարարների ու մտավորականների խորհուրդները:
Ինչպես ներկայացնում է Bigpicture.ru-ն՝ 100 տոննա կշռող հնագույն սալաքարը մեզ ավելի շատ է զարմացնում, քան ձեռքի մեջ տեղավորվող համակարգիչը: Այս և այլ նմանօրինակ հսկա կառույցներից շատերի գաղտնիքները, որոնք ներկայացնում ենք ստորև, մինչև օրս չեն բացահայտվել:
1. Սթոունհենջ, Մեծ Բրիտանիա
Խորա՞ն, աստղադիտարա՞ն, դամբարա՞ն, թե՞ օրացույց. գիտնականներն այդպես էլ չեն եկել միասնական որոշման: 5000 տարի առաջ ի հայտ եկած շրջանաձև կառույցի տրամագիծը կազմում է 115 մետր: Հնագույն ժամանակների շինարարները 80 չորս տոննանոց քար են այստեղ հասցրել: Սթոունհենջը նոր հսկայական քարերով է համալրվել հետագա դարերի ընթացքում:

2. Կուկուլկանա բուրգ, Չիչեն Իցա, Մեքսիկա
Ամեն տարի գարնանային և աշնանային գիշերահավասարի ժամանակ մայաների գերագույն աստվածության սրբավայրի՝ «Թևավոր օձի» ստորոտին են հավաքվում հազարավոր զբոսաշրջիկներ: Նրանք ականատեսն են դառնում Կուկուլկանայի հրաշք «երևույթին», երբ օձը իջնում է բուրգի գլխավոր աստիճաններով: Պատրանքն ստեղծվում է եռանկյուն ստվերների խաղով, որոնք ցուցադրվում են այն պահին, երբ մայր մտնող արևը 10 րոպե լուսավորում է կառույցի հյուսիսարևմտյան անկյունը: Եթե սրբավայրը թեկուզ մեկ աստիճան թեք կառուցված լիներ, նման երևույթի ականատեսը չէինք լինի:

3. Կարնակյան քարեր, Կարնակ, Բրետան, Ֆրանսիա

Կարնակյան քարերը գտնվում են ֆրանսիական Կարնակ քաղաքի մոտակայքում, որտեղ 4 մետր բարձրությամբ շուրջ 4000 քար դասավորված է հստակ շարքերով: Դրանց տեղադրման թվագրությունը վերագրվում է մ.թ.ա. 4500-3300թթ-ին: Բրետանում առասպելներ են տարածված, որ դրանք շարել է կախարդ Մեռլինը: Այս քարերի դասավորվածության մասին տարբեր վարկածներ կան. ոմանք պնդում են, որ քարերը դասավորել են աստղադիտական նպատակներով՝ նմանակելով աստղազարդ երկնքի համաստեղությունների դասավորվածությանը, ոմանք էլ պնդում են, որ քարերը կատարել են երկրաբանական սեյսմիկ ծառայության դեր, և քարերի տատանումներից փորձել են գուշակել մոտալուտ երկրաշարժը:
4. Քարե գնդերը, Կոստա Ռիկա
Կոստա Ռիկայի խաղաղօվկիանոսյան ափերին տեղակայված գրեթե կատարյալ կլորության քարերը 1930-ականներին հայտնաբերել են բանանի պլանտացիաներում աշխատողները: Հայտնաբերվել է 200 քար, որոնց չափսերը մի քանի սանտիմետրից հասնում են երկու մետր տրամագիծ ունեցողների, իսկ քաշը՝ մի քանի տոննայի: Համաձայն հաշվարկների` այս գնդերը պատրաստվել են մ.թ.ա. 1500-500թթ. ընկած ժամանակահատվածում՝ այնպիսի քաղաքակրթության օրոք, որը վաղուց վերացել է:

5. Ջորջիայի սալաքարերը, ԱՄՆ
1979-ին R.C. Christian կեղծանունով հայտնի անձը շինարարական ընկերությանը պատվիրել է 100 տոննա ընդհանուր քաշով 6 գրանիտային քարից սալաքար պատրաստել և տեղադրել: 4 կողային սալաքարի վրա փորագրված է 10 պատվիրանը՝ 8 լեզվով, այդ թվում՝ ռուսերենով:

6. Նյուգրեյնջ, Իռլանդիա, Դուբլին
Նյուգրեյնջը հինավուրց շրջանաձև բլուր է, որը կառուցվել է Իռլանդիայում՝ մ.թ.ա. 3200 թվականին: Այն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Այս նեոլիթյան ժամանակաշրջանի հնագույն կառույցը ներկայում Իռլանդիայի տեսարժան վայրերից է: Քելթերը այն անվանում էին փերիների շրջան և համարում էին իրենց աստվածներից մեկի տունը: Նյուգրեյնջի կառուցման համար կիրառվել են քարե սալիկներ, որոնցից յուրաքանչյուրը կշռում է շուրջ մեկ տոննա: Հնագետները չեն կարողացել բացահայտել, թե ինչ նպատակի է ծառայել Նյուգրեյնջը: Ենթադրվում է, որ այն օգտագործվել է որպես օրացույց, և դրա միջոցով որոշել են ցանքի և բերքահավաքի ժամանակը:

7. Կորալյան դղյակ, Ֆլորիդա, ԱՄՆ
Այս արտասովոր կառույցը 28 տարում (1923–1951) միայնակ կառուցել է լատվիացի ներգաղթյալ Էդվարդ Լինդսկալնինը՝ ի հիշատակ կորած սիրուն: Կառուցման եղանակը մինչ օրս էլ գաղտնիք է մնում:

8. Յոնագունի բուրգեր, Ճապոնիա
1987 թվականին Յանագունի կղզու ափամերձ ջրերի 50-40 մետր խորություններում ինչ-որ տարօրինակ ստորջրյա կառույցներ հայտանաբերվեցին: Այս կառույցներն ունեն զուգահեռ եզրեր, սուր անկյուններ, սյուներ և այլ հատկանիշներ, որոնք ստիպում էին ենթադրել, որ դրանք մարդն է ստեղծել: Հայտնի է, որ այդ տարածքը ջրի տակ է անցել առնվազն 8-10 հազար տարի առաջ՝ վերջին սառցե դարաշրջանից հետո, ինչը նշանակում է, որ Յոնագունիում հայտնաբերվել է աշխարհի հնագույն մարդակերտ կառույցների խումբը:

9. Յուպիտերի տաճարը, Բաալբեկ, Լիբանան
Հռոմեական վանական համալիրի ավերակները պատկանում են մ.թ.ա. 1-2-րդ դարերին: Յուպիտերի տաճարի հիմքում տաճարի համար պատվանդան հանդիսացող 300 տոննա կշռող հնագույն սալաքարերն են, որոնցից յուրաքանչյուրը 19 մետր երկարություն և 4 մետր բարձրություն ունի:

10. Գոբեկլի Տեպե, Թուրքիա
Հայկական բարձրավանդակում գտնվող այս համալիրը համարվում է ամենահին խոշորագույն քարե կառույցներից մեկը: Ըստ որոշ հաշվարկների՝ այն ամենահին կրոնական կառույցն է, որը կառուցվել է մ.թ.ա. 10-9-րդ դարերում: Դժվար է պատկերացնել, թե ինչպես են մարդիկ նման հսկայական կառույցներ ստեղծել այն ժամանակ, երբ դեռ զբաղվում էին հավաքչությամբ և որսորդությամբ:











