Հրանտ Դինքի մրցանակը շնորհվել է արգենտինացի լրագրողի

10:07 • 01.07.14

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը արգենտինացի հայտնի լրագրող Ռեյնալդո Սիեթեքասին շնորհել է Հրանտ Դինքի անվան պատվո հավաստագիր:


Մրցանակը ստանալիս, Սիեթեքասը խոստովանել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ Հրանտ Դինքի անունը կրող պատվո հավաստագրի: Նա նաև նշել է, որ ուսումնասիրել է Դինքի պատմությունն ու լրագրողական գործունեությունը և վստահ է, որ մրցանակը նոր ազդակ է, որ պետք է շարունակի աշխատանքը պատվով կատարել:


Prensa armena.com-ի փոխանցմամբ, Սիեթեքասը հայտնել է, որ Հայաստանի և հայկական հարցի առնչությամբ ունի իր սեփական տեսակետն ու լինելով մարդու իրավունքները պաշտպանող և հումանիստական գաղափարներ տարածող անձնավորություն` չէր կարող թե՛ որպես մարդ, թե՛ որպես լրագրող անտարբեր գտնվել Հայոց ցեղասպանության փաստի հանդեպ:


«Երբ ես հավաքում էի փաստաթղթեր, նյութեր Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ես տեսնում էի ցավ այն մարդկանց աչքերում, ովքեր որևէ կերպ առնչություն ունեին այդ սարսափելի իրադարձություններին: Սակայն ցավի զգացողությունը կարևություն նշանակություն ունի: Նման ցավը խորհրդանշանում է գիտակցության առկայություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակը ստանալիս ասել է Սիեթեքասը։


Արգենտինացի լրագրողը հավելել է, որ Հրանտ Դինքը մեծ հումանիստ էր և նրան սպանեցին քանի որ քննադատում էր ազգային փոքրամասնությունների նկատմամբ անհանդուրժողականությունը, որը Թուրքիայի պետական քաղաքականության մի մասնիկն էր:


Մրցանակի հանձնման արարողությանը մասնակցել են Արգենտինայի քաղաքական, հասարակական և լրագրողական էլիտայի բազմաթիվ ներկայացուցիչներ:


Վերոնշյալ մրցանակն արգենտինահայերը շնորհում են 2001 թվականից: 2007թ. պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ողբերգական սպանությունից հետո, պատվո հավաստագիրը կրեց նրա անունը: Այս ընթացքում նման հավաստագրեր են ստացել արգենտինացի 22 լրագրողներ:

 

 

Հրանտ Դինքի մրցանակը շնորհվել է արգենտինացի լրագրողի