Հասարակության մոտ թատրոն հաճախելու դրական տեղաշարժ կա. կարծիքներ
«Ինչպիսի՞ ն է հայ հասարակության ներկա վերաբերմունքը դեպի թատրոնը: Որքանո՞ վ է մշակութային կյանքը զարթոնք ապրում և ինչպիսի՞ խնդիրներ են առկա մշակութային ոլորտում» թեմայի շուրջ այսօր կայացած ասուլիսին թատերագետ Լևոն Մութաֆյանը և Պետական կամերային երաժշտական թատրոնի ղեկավար Դավիթ Հակոբյանն արտահայտեցին իրենց կարծիքները՝ ընդգծելով, որ հանդիսատեսի ներկայացվածության առումով դրական միտումներ կան:
«Համոզված եմ, որ մշակութային մայրաքաղաքներում հանդիսատեսն ապահովում են քաղաք մտնող տուրիստի հաշվին: Մոսկվա օրական մտնում է երեք մլն մարդ, Հայաստան երևի թե հարյուր հազար մարդ օրական չի մտնում: Մենք դրսից եկած հանդիսատես չունենք»,-մտահոգություն հայտնեց Դավիթ Հակոբյանը:
Այդուհանդերձ նա նկատեց, որ այսօր գործում է 16 պետական թատրոն, որոնց մեծ մասը Երևանում է գտնվում: «Վեց ամսվա ընթացքում ես ունեցել եմ 7560 հանդիսատես: Զարմանալի բան է կատարվում, մեր ծնողները սկսել են կամավոր իրենց երեխաներին թատրոն տանել: Եվ կարող եմ ասել, որ թատրոն եկող հարյուր երեխայից տասն ապագա հանդիսատես է: Այսօր հզոր տեղաշարժ կա, օրինակ՝ հինգ տարի առաջ այս բառը չէի օգտագործի»,-ասաց նա և ավելացրեց, որ աշխարհում ևս թատրոնները հիմնականում գոյատևում են մունիցիպալ միջոցներով, և թող տպավորություն չստեղծվի, թե Հայաստանում վիճակն ավելի վատ է, քան աշխարհում:
Դավիթ Հակոբյանն անդրադարձավ նաև դերասանների՝ այլ աշխատանքներ կատարելու խնդրին՝ ընդգծելով, որ դժվար է առանց այլ աշխատանքի բավարար գումար վաստակել. «Ես հո միայն թատրոնով չեմ ապրում, բոլոր հեռուստատեսություններում իմ ձայնը կա, ես իմ փեշակի մեջ եմ անում այդ ամեն ինչը, բայց միլիոններ չեմ ստանում հաստատ»:
Իր հերթին Լևոն Մութաֆյանն էլ նկատեց, որ այո, կա որոշակի տեղաշարժ, և սխալ է ասել, թե թատրոնն այլևս կորցրել է իր ներգործության ուժը: Ըստ նրա՝ Գյումրու թատրոնում կա որոշակի դրական տեղաշարժ, Վանաձորում նույնպես ակտիվություն է նկատվում, բայց Արտաշատի, Գորիսի և մի շարք այլ քաղաքների թատրոններում հաճախելիության առումով տխուր իրավիճակ է:
«Այսօր մենք ունենք մեկ այլ խնդիր՝ արդյո՞ք այսօր մեր թատրոնում ծնվում են այն մեխանիզմները, որոնք կարողանում են ապահովել ներկայիս պահանջարկը»,-ասաց նա:
Վերջինս նաև մտահոգություն հայտնեց դերասանների աշխատավարձի շուրջ՝ նշելով, որ այսօր Հայաստանում ամենաթշվառ վիճակում գտնում են գիտության և ստեղծագործական ոլորտի աշխատակիցները: «Այսօր մենք դերասանին տալիս ենք աղքատավարձ»,-ասաց նա:










