Ֆիլհարմոնիկը հանդես կգա Իտալիայի հեղինակավոր համերգասրահներում
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն օգոստոսին կմեկնի Իտալիա՝ շրջագայությունների: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՊՖՆ մամուլի ծառայությունից, ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթներ կունենա այնպիսի համերգասրահներում և այնպիսի փառատոնների շրջանակներում, ինչպիսիք են Ռիմինին՝ օգոստոսի 26-ին, Չիտտա դե Կաստելլոն՝ օգոստոսի 27-ին, Մերանոն՝ օգոստոսի 28-ին և Ռավելլոն՝ օգոստոսի 30-ին: Այսպիսով կմեկնարկի նվագախմբի 2014-2015թթ. համերգաշրջանը:
Մինչ շրջագայությունները նվագախումբը պատրաստվում է հանդես գալ երկու համերգով: Հուլիսի 11-ին անվանի սոպրանո Հասմիկ Պապյանի գլխավոր դերակատարմամբ կներկայացվի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը՝ տաղանդավոր մեներգիչներ Հովհաննես Այվազյանի, Հրանտ Պապյանի, Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանի, Պերճ Քարազյանի և այլոց մասնակցությամբ:
Բացի այդ, նվագախումբը Հայաստան է հրավիրել մոնղոլ բարիտոն Ամառտուվշին Էնխբաթին՝ Սկարպիայի դերերգը կատարելու համար:










