4,3 մլն դոլարով ինստալյացիա և այլ ռեկորդներ Christie's–ի աճուրդում
Christie's աճուրդի տան երեքշաբթի օրը կայացած ժամանակակից արվեստի վաճառքի ժամանակ ռեկորդներ են սահմանվել։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է չորս արվեստագետների՝ Փիթեր Դոյգի, Ժան Դյուբուֆենի, Միքելանջելո Պիստոլետոյի և Թրեյսի Էմինի աշխատանքներին, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Թրեյսի Էմինի «Իմ մահճակալը» ինստալյացիան վաճառվել է 4,3 մլն ԱՄՆ դոլարով: Սա ամենամեծ գինն է, որ վճարվել է այս արվեստագետի աշխատանքի համար:
Իտալացի արվեստագետ Պիստոլետոյի «Սիրահարները» կտավը վաճառվել է 3,9 միլիոն դոլարով։
Մոգական ռեալիզմի ուղղության ներկայացուցիչ Դոյգի «Իջևանատուն» նկարը վաճառվել է 16,9 մլն դոլարով, ինչը առավելագույն գին է այդ վարպետի աշխատանքների համար:
Ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ Ժան Դյուբուֆեի «Ուրախ գիտություն» կտավը միջազգային ռեկորդ է սահմանել՝ վաճառվելով 6,8 մլն դոլարով:
Ընդհանուր աճուրդից ստացվել է 170 մլն դոլարի եկամուտ: Ամենաթանկ վաճառված նմուշը դարձել է Ֆրենսիս Բեքոնի «Լուսիեն Ֆրեյդի գլխի էսքիզը», որը վաճառվել է 19,6 մլն դոլարով:










