Դեպարդյոն Մոսկվայում «Ժերար» ռեստորան կբացի
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդյոն մտադիր է հոկտեմբեր ամսին Մոսկվայում ռեստորան բացել և անվանել այն իր անունով՝ «Ժերար»։ Ինչպես նշում է Euromag-ը, հաստատությունում կմատուցվեն ֆրանսիական ու ռուսական խոհանոցների ճաշատեսակներ։
Դերասանը լիահույս է, որ բացի Մոսկվայից իրեն կհաջողվի ռեստորաններ բացել նաև Սանկտ Պետերբուրգում ու Սարանսկում։
Դերասանն ամենևին էլ սկսնակ չէ այս գործում. նա ունի «Ժերարի մառան» գինու խանութը ու ևս 3 նման հաստատություն Փարիզում, ինչպես նաև 1-ը՝ Բելգիայում։
Հիշեցնենք, որ Դեպարդյոն Ֆրանսիայի իշխանությունների սահմանած 75% հարստության հարկի պատճառով հրաժարվել է ֆրանսիական քաղաքացիությունից ու տեղափոխվել Ռուսաստան։ Ընթացիկ տարվա հունվարի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նրան ռուսական անձնագիր է հանձնել։










