Forbes-ը Ջենիֆեր Լոուրենսին ճանաչել է մոլորակի ամենաազդեցիկ դերասանուհի
Ամերիկյան հանրահայտ «Քաղցած խաղեր» ֆիլմաշարի երիտասարդ աստղ Ջենիֆեր Լոուրենսը հեղինակավոր Forbes հանդեսի կողմից ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ դերասանուհին՝ գլխավորելով ամսագրի ամենամյա վարկանշային աղյուսակը։
Ինչպես նշում է Газета-ն, 23-ամյա օսկարակիր դերասանուհին բացի «Քաղցած խաղերից» նկարահանվել է նաև «Իքս մարդիկ. անցած ապագայի օրերը» հոլիվուդյան ֆիլմում։
Երկրորդ հորիզոնականում է 49-ամյա Սանդրա Բալոքը, ում հաջողություն է բերել Ալֆոնսո Կուարոնի «Ձգողականություն» ֆանտաստիկ ֆիլմում ստացած դերը։ Իսկ լավագույն եռյակը եզրափակում է Անջելինա Ջոլին, ով այս տարի նկարահանվել է «Մալեֆիսենտա» դիսնեյան ֆիլմում։ Բացի այդ, վարկանշային աղյուսակը կազմողները հաշվի են առել Ջոլիի ակտիվ սոցիալական ու բարեգործական գործունեությունը։
Աղբյուրը հավելում է, որ աշխարհի ամենաազդեցիկ դերասանուհիների լավագույն տասնյակում ներառվել են Սկարլետ Յոհանսոնը, Ջենիֆեր Էնիստոնը, Էմի Ադամսը, Գվինեթ Փելթրոուն, Մերիլ Սթրիփը, Քեմերոն Դիասն ու Նատալի Պորտմանը։










