Ամառը թատերական շրջան չէ. Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Ռուբեն Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, թե իր ասածից գուցե շատերը զարմանան, բայց ինքը շատ ուրախ է, որ թատրոնում երբեմն քիչ հանդիսատես է լինում. ըստ նրա՝ դա նշանակում է, որ մարդիկ մշակութային այլ միջոցառումների էլ են մասնակցում:
«Ընտրության հնարավորությունը լավ բան է»,- ասաց Ռուբեն Բաբայանը՝ խոսելով ամառվա ընթացքում մարդկանց՝ թատրոն հաճախելու մասին:
«Ամեն տարի հուլիսին մենք խաղում էին շաբաթ և կիրակի՝ մեկական ներկայացում: Հիմա մենք խաղում ենք մեկ ներկայացում մեծ դահլիճում, մեկ ներկայացում էլ՝ փոքր դահլիճում: Մենք հատուկ ենք այդպես անում, որովհետև հասկանում ենք, որ ավելի շատ մարդիկ չեն էլ գա: Վերջիվերջո, թատրոնը կինոթատրոն չէ»,- նշեց տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարը:
Ըստ նրա՝ հանդիսատեսի հաճախելիության թվով ամենաակտիվը աշունն, հետո ձմեռը՝ Նոր տարվա օրերին:
«Գարնանը սկսում են քիչ գալ, ավելի շատ այդ սեզոնին մարդիկ դրսում են լինում, իսկ ամռանը՝ բնականաբար, ավելի քիչ են գալիս։ Ամառն ընդհանրապես թատերական շրջան չի: Հյուրախաղեր և արձակուրդ. սա է ամառվա նպատակը»,- վերջում ասաց Ռուբեն Բաբայանը:










