Շենգավիթում բացվեց Մովսես Գորգիսյանի կիսանդրին. բացմանը ներկա էր նաև քաղաքապետը (լուսանկարներ)
Ազգային հերոս, Արցախյան ազատամարտի առաջամարտիկներից Մովսես Գորգիսյանի անունով անվանվեց Շենգավիթ վարչական շրջանի այգիներից մեկը, որտեղ այսօր նաև բացվեց հերոսի կիսանդրին: Կիսանդրու բացումը միասին իրականացրին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու Մովսես Գորգիսյանի կինը՝ Ռուզաննա Գորգիսյանը:
Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ բացված հուշակոթողը անկախության և ազատության խորհրդանիշ է:
«Սա հերթական հուշակոթողներից մեկն է, որ ի պատիվ ու ի հիշատակ Մովսեսի տեղադրվում է, բայց այսօր այս կոթողը ավելի շատ սթափության կոչ է անում, որպեսզի մենք ամենքս մեկ անգամ ևս արժևորենք ու գնահատենք մեր հայոց անկախ պետականությունը: Ես կարծում եմ, որ սա պատմական ու քաղաքական ժառանգություն է՝ ի խոնարհում 1988թ-ի ազգային-ազատագրական շարժման զարթոնքի և պայքարի, ինքնորոշման ու հաղթանակի: Կարծում եմ, որ այս հուշակոթողին յուրաքանչյուր մարդ պետք է սրտի տրոփյունով մոտենա և իր ծաղիկը դնելուց առաջ գիտակցի, որ իր խոնարհումը պետք է բերի ոչ միայն ազգային հերոս Մովսես Գորգիսյանին, այլ նաև բոլոր այն հայորդիներին, ովքեր պայքարել են անկախության և պետականության վերականգման համար»,-ասաց նա և վերհիշեց հերոսի՝ պատգամ դարձած խոսքերը՝ «Ազգին ծառայելով է որոշվում ազգությունը»:
Մովսես Գորգիսյանի կիսանդրու քանդակագործն է Հայկ Թոքմաջյանը:












