Շրջագայություն «Շեքսպիրյան տներով». Անգլիայում նշում են հայտնի թատերագրի 450-ամյակը (լուսանկարներ)
Այս տարի Անգլիայում տոնում են մեծանուն բանաստեղծ և թատերագիր Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակը: Չնայած նրա թողած հարուստ գրական ժառանգությանը` համաշխարհային հանրությունը մինչ օրս էլ փորձում է վերծանել մի մեծ հանելուկ. արդյո՞ք իրականում գոյություն է ունեցել այդ առեղծվածային դրամատուրգը և 38 պիես, սոնետ ու պոեմ գրել:
Փորձելով գտնել այդ հարցի պատասխանը` Euromag-ն առաջարկում է վիրտուալ շրջագայություն կատարել է Շեքսպիրի հայրենի Ստրեդֆորդ քաղաքում:
Ստրեդֆորդ այցելում են և´ նրանք, ովքեր սրբորեն հավատում են բանաստեղծի գոյությանը, և´ նրանք, ովքեր կասկածում են, սակայն փորձում են նրա գոյության որևէ ապացույց գտնել:
Տեղի բնակիչները չեն կասկածում Շեքսպիրի իրական կերպար լինելուն. նրանցից յուրաքանչյուրը կարող է անգիր պատմել թատերագրի կենսագրությունը: Ուիլյամ Շեքսպիրը ծնվել է 1564-ի ապրիլի 26-ին` ձեռնոցագործի ընտանիքում: Իր ապագա կնոջը` Աննա Հաթավային, նա հանդիպել է հայրենի քաղաքում, ում հետ ամուսնացել է 18 տարեկանում: Այս պատմության մասին նրա հայրենիքում հիշեցնում է ամեն ինչ, որին ծանոթանալու համար անհրաժեշտ է շրջագայություն կատարել Շեքսպիրի տան տարածքում: «Շեքսպիրյան տունը» կանգուն է 17-րդ դարից:
















