Երևանում այսօր կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը

15:14 • 13.07.14

Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում այսօր երեկոյան կմեկնարկի «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնը, որը կտևի մինչև հուլիս 20-ը:


Մայրաքաղաքում անցկացվող և արդեն ավանդույթ դարձած կինոտոնն այս տարի ևս հագեցած կլինի բազմաթիվ յուրօրինակ իրադարձություններով: Այս տարվա կինոտոնը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90-ամյա հոբելյանին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` փառատոնային օրակարգը կմեկնարկի ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի կկայանա Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում:


Արարողությանը կհաջորդի Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսի (լուսանկարների հեղինակ` Յուրի Գարմաշ) պաշտոնական բացումը «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում, որին ներկա կլինի ինքը` լուսանկարիչը, փառատոնի հյուրերը և մասնակիցները, Փարաջանովի արվեստի սիրահարները:


Նույն կինոթատրոնում կկայանա նաև փառատոնի բացման ֆիլմի` Փարաջանովի լեգենդար «Նռան գույնը» ստեղծագործության ցուցադրությունը: