«Ոսկե ծիրան»-ը բարձրացնում է այն չափանիշը, որին պետք է համապատասխանի հայ կինոն. մեկնարկեց 11-րդ փառատոնը

22:39 • 13.07.14

«Ոսկե ծիրան» 11-րդ Երևանյան փառատոնը մեկնարկեց Օպերայի ու բալետի ակադեմիական թատրոնի շենքից: Մինչ փառատոնի բացումը կարմիր գորգի վրայով անցան ռեժիսորներ, դերասաններ, ՀՀ-ում լիազոր դեսպաններ և այլոք: Փառատոնի մասնակիցները տարբերվում էին իրենց հագուստով, ոճով, օրինակ, նրանցից մեկն իսկական ծիրանն էր հարմարեցրել կոշիկներին՝ փորձելով ավելի ինքնատիպ լինել:

Մինչ փառատոնի պաշտոնական բացումը «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը, պատասխանելով Tert.am-ի հարցին, թե փառատոնի ստեղծումից 11 տարի անց ինչ արդյունք են գրանցում, ասաց, որ եթե նախկինում տարվա ընթացքում ունենում էին 2-3 ֆիլմ, ապա այսօր՝ 30-40-ը տարբեր ծրագրերում: 

«Եթե նախկինում ունենում էինք կինոյով զբաղվող մի քանի երիտասարդ, ապա ներկայումս նրանց թիվը 70-ից ավելի է, որոնք մասնակցում են համաշխարհային փառատոնների: Մեր հյուրերը դառնում են մեր երկրի մայրաքաղաքի դեսպանները այլ երկրներում, ինչը շատ կարևոր է»,-ասաց նա և ընդգծեց, որ փառատոնի նպատակներից է հայկական կինոն ավելի լավը դարձնելը, ինչպես նաև համաշխարհային մեծագույն կինոն Հայաստան բերելը: 

Դերասան Վիգեն Ստեփանյանն ընդգծեց, որ փառատոնն իր հետ բերեց առաջին հերթին ճաշակ ու պատասխանատվություն: Նա ընդգծեց, որ այս փառատոնի շրջանակում հասարակությունը հնարավորություն ունի տեսնելու այն, ինչ կատարվում է աշխարհում: 

«Ակամա բարձրանում է այն չափանիշը, որին պետք է համապատասխանի նաև հայ կինոն: Փառատոնը նպաստում է իսկական արվեստի ստեղծմանը, ծնում է կապեր, ծանոթություններ և, իհարկե, պահանջկոտությունը ֆիլմի նկատմամբ մեծանում է»,-ասաց նաև և չցանկացավ առանձնացնել վերջին տարիներին նկարահանված մի քանի ֆիլմեր այն պատճառով, որ ինքը ևս դրանցից մի քանիսում խաղացել է:

Ռեժիսոր, դերասան Միքայել Պողոսյանն իր հերթին ընդգծեց, որ «Ոսկե ծիրան» փառատոնի անունը տարեց ընդունվում է ոլորտի պրոֆեսիոնալների կողմից, և մասնակցությունը այս փառատոնին արդեն պատիվ է բերում յուրաքանչյուր ստեղծագործողի:

«Մենք այս փառատոնի միջոցով շատ մեծ քայլ արեցինք, որովհետև այս շփումը հայտնի ռեժիսորների հետ մեծ նշանակություն ունի, որովհետև ամեն մեկը չէ, որ կարող է իրեն թույլ տալ մասնակցել տարբեր փառատոների ու շփվել համաշխարհային ռեժիսորների հետ, իսկ սա մեծ շուկա է, որտեղ հավաքվում են կինոյի տարբեր սիրահարները տարբեր մակարդակներով: Միգուցե հիմա ակնհայտորեն փառատոնի ներդրումը չի երևում, բայց ես զգում եմ վերելքը կինոյի ասպարեզում»,-ասաց Միքայել Պողոսյանը և նշեց, փորձելու է բոլոր ֆիլմերը նայել:

Փառատոնի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով շնորհավորեց բոլորին և նշեց, որ փառատոնը սպասված ու կարևոր իրադարձություն է դարձել բոլորիս համար:

«Տարեցտարի մեծանում է փառատոնի միջազգային ճանաչումն ու հեղինակությունը, այս տարիների ընթացքում Հայաստան են ժամանել 2000-ից ավելի կինոգործիչներ, արվեստագետներ աշխարհի ավելի քան 120 երկրներից, ինչը նշանակում է, որ փառատոնը վերածվել է իսկական տոնի: Ոսկե ծիրան փառատոնի նշանաբանն է՝ «Քաղաքակրթությունների ու մշակույթների խաչմերուկ: Սա ավելի քան ճշգրիտ արտացոլում է ՀՀ-ի աշխարհաքաղաքական դիրքի նշանակությունը՝ իր խնդիրներով… Այս տարվա փառատոնը նվիրված է Փարաջանովի 90-ամյակին: Սա մեծ պատիվ է ու պարտավորեցնող բոլորիս համար: Հուսով եմ ջանք ու եռանդ չեք խնայի մեծանուն ռեժիսորի հարուստ ժառանգությունը պատշաճ ներկայացնելու համար»,-ասաց նա:
 

«Ոսկե ծիրան»-ը բարձրացնում է այն չափանիշը, որին պետք է համապատասխանի հայ կինոն. մեկնարկեց 11-րդ փառատոնը