Այստեղ շատ խորը քնով քնած են ու շատ դանդաղ է այստեղ. Հասմիկ Պապյանը՝ մշակույթի և այլ ոլորտների մասին
Աշխարհահռչակ օպերային երգչուհի, աշխարհի լավագույն սոպրանոներից մեկը՝ Հասմիկ Պապյանը, ով երգել է այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են Մետրոպոլիտեն օպերան, Կարնեգի Հոլը, Ցյուրիխի օպերան և այլն, Tert.am-ի հետ զրույցում արձանագրեց, որ Հայաստանում ժամանակը մի տեսակ շատ դանդաղ հունով է ընթանում։
«Այստեղ շատ խորը քնով քնած են: Դանդաղ են շարժվում, դանդաղ են մտածում… կամ ուղղակի այդ ջի՞ղը չկա։ Որ, այ, որոշեցինք ու արեցինք…դե լավ, վաղը… կամ չգիտեմ: Ու այդպես օր ենք մթնեցնում մենք Հայաստանում: Ու, առհասարակ, բոլոր ասպարեզներում: Ես նկատում եմ, որ եթե մեկն այս բաժակը պիտի վերցնի, դնի այստեղից այնտեղ… վայ, գիտես, չգիտեմ ինչ, այն դեպքում, երբ ավելի հեշտ է՝ վերցնել, դնել, քան կես ժամ խոսել դրա մասին: Շատ դանդաղ է այստեղ»,-նշեց երգչուհին։
-Տիկին Պապյան, այս ընթացքում բաներ կատարվեցին՝ Օպերային ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն փոխվեց, և ըստ մեկնաբանությունների՝ պատահական մարդիկ հայտնվեցին Օպերայում:
-Ես հեռվում եմ, բոլորովին չգիտեմ՝ ովքե՞ր են, էդպես ուղղակի այդ մարդկանց հետ առնչություն չեմ ունեցել: Լսել եմ, այո, որ մրցույթ է հայտարարվել, ընտրվել է ինչ-որ մեկը…
-Մինչ այդ խոսվում էր Օպերայի առողջացման ծրագրի մասին, և Բարսեղ Թումանյանն էր մասնակցում և դրանից հետո, ի դեպ, գնաց Ղազախստան:
-Ղազախստան գնաց, դրանից պետք չէ ինչ-որ ողբերգություն սարքել. կարող էր ավելի շուտ գնալ, կամ եթե գնաց, կերգի, հետո հետ կվերադառնա: Իհարկե, լավ կլիներ, եթե Բարսեղն ընդգրկված լիներ ղեկավարության մեջ, կարողանար իր գիտելիքները և փորձը փոխանցել, բայց ես չգիտեմ՝ ո՞վ է հիմա տնօրենը: Ի դեպ, ծանոթացանք, ինքը եկել էր իմ համերգին, և պետք է ասեմ, որ վերջին անգամ չեմ հիշում՝ ե՞րբ է մեր Օպերայի որևէ տնօրեն ներկա եղել Ֆիլհարմոնիկի համերգին:
-Նման վերաբերմունք, այսինքն:
- Այո, համենայն դեպս, հետաքրքրվել էր մարդը և եկել էր: Եվ պետք է ասեմ, որ սա արդեն շատ ուրախալի է:
-Այսուհանդերձ, Օպերան, ըստ Ձեզ, չունի՞ ֆինանսական խնդիրներ լուծելու …
-Ֆինանսների հետ կապված, այո, դրանք շատ կարևոր են... Բայց նախ սկսենք նրանից, թե մեզ որքանո՞վ է անհրաժեշտ օպերային թատրոն որպես երկիր, որպես ազգ մենք որոշե՞լ ենք, որ պիտի ունենանք օպերային թատրոն: Եթե մենք որոշել ենք, որ պիտի ունենանք օպերային թատրոն, ուրեմն պիտի ունենանք լավագույնը, որովհետև օպերային թատրոնը երկրի դեմքն է, այդ թատրոնով կարելի է որոշել այդ ազգի մակարդակը, ձգտումները, այս ազգի արժանապատվությունը, և այլն, և այլն: Եթե մենք ուզում ենք ունենալ օպերային թատրոն, իսկ մենք կարող ենք, և դա կարող է լինել տարածաշրջանի լավագույն թատրոնների մեկը, որովհետև ունենք այդ պոտենցիալը՝ հրաշալի երգիչներ, երաժիշտներ, շատ լավ հանդիսատես: Նաև՝ երիտասարդներ, որոնց ուժերով թատրոնը կարող է ոտքի կանգնել: Եթե դա մենք ուզում ենք, եթե մեզ պետք է, ուրեմն պետք է անենք: Ասում եք՝ ֆինանսական... կարելի նաև անել սուղ միջոցներով գեղեցիկ ներկայացումներ, համերգային կատարումներ, ինչպես որ դա անում են աշխարհի շատ երկրներում: Դրամ չունեն, բայց ցանկություն ունեն, ինչն իմ համար շատ կարևոր է:
-Ձեզ համար այդ երկու հարցերի պատասխանը գտե՞լ եք, որ մեզ պե՞տք է օպերային թատրոն, այսինքն՝ Դուք Ձեզ համար ունեք, բայց իշխանությունը, պետությունը ունե՞ն այդ ցանկությունը:
- Ինձ թվում է՝ իշխանությունը և պետությունը, այսինքն` այն մարդիկ, որ կարող են, ունեն այդ լծակները, այդքան լուրջ չեն վերաբերում այդ հարցին: Կամ, հնարավոր է, որ շատ ավելի ուրիշ խնդիրներ ունեն, ավելի կարևոր: Իրենց կարծիքով՝ ավելի կարևոր: Բայց ինձ թվում է, որ որպես մշակութային քաղաքականություն, այսինքն՝զարգացման ծրագրերի, նաև՝ ապագա սերնդի ու ինչու չէ, համաշխարհային մշակույթի զարգացմանը համաքայլ գնալու համար սա շատ կարևոր խնդիր է: Ինձ թվում է, որ իրենք այդքան էլ լուրջ չեն ընդունում կամ ժամանակ չունեն, կամ դա պարզապես իրենց ուժերից միգուցե վեր է:
-Իսկ այդ ձայները Հայաստանում կա՞ն:
-Հայաստանում կան բոլոր տեսակի ձայները և ամենազարմանալին, որ տղամարդկանց շատ լավ ձայներ կան, որոնք հիմա ողջ աշխարհում փնտրված են: Եվ գիտեք՝ ինձ համար շատ հուզիչ է, որ երիտասարդները, ովքեր կարող են ուրիշ գործերով զբաղվել, ավելի եկամտաբեր, իրենց կյանքն ապահովող մասնագիտություն ընտրեն, հանկարծ գնում են և ընտրում երգչի մասնագիտությունը՝ շատ լավ իմանալով, որ հետո հնարավորություն չեն ունենալու ինքնահաստատվելու կամ կայանալու: Բայց միևնույն է՝ երգում են: Երգելը լավ իմաստով հիվանդություն է, եթե վարակվում ես այդ հիվանդությամբ: Բայց ինձ թվում է, որ պետք է մտածել նաև այդ երիտասարդների մասին:
-Իրենք կարո՞ղ են պահանջարկված լինել: Օրինակ՝ օպերային մի երգչուհի ասում էր, որ եթե արտասահմանյան իմպրեսարիո չունես, ինչը շատ թանկ հաճույք է…
-Ի՞նչ է նշանակում՝ արտասահմանյան իմպրեսարիոն թանկ հաճույք է: Նախ, չգիտեմ՝ ում հետ եք խոսել, բայց միշտ հակառակն է, եթե դու լավ երգիչ ես, դու ես թանկ հաճույք իմպրեսարիոյի համար…
-Իսկ եթե սկսնակի մասին է խոսքը, որը դեռ գովազդվելու կարիք ունի:
-Հասկացա՝ ինչ երգչի հետ եք խոսել, մի երգիչ, որը չի կայացել, բայց արդեն իր համար պատկերացնում է արտասահմանյան ինչ-որ իմպրեսարիոյի, որը թանկ հաճույք է։ Նախ, սկսենք նրանից՝ այդ երգիչն իրենից ի՞նչ է ներկայացնում, կարո՞ղ է արտասահմանում կայանալ: Եվ իմ խոսքն այն մասին է, որ մենք այստեղ պետք է ունենանք այդ հնարավորությունը, որ մեր երիտասարդներին՝ մեր թատրոնի միջոցով, մեր համերգասրահների, տանք այդ հնարավորությունը՝ կայանալ այստեղ, հաստատվել, սովորել, հետո գնալ արտերկիր ու այնտեղ շարունակել գործունեությունը, երբեմն՝ վերադառնալ հայրենիք, երգել այստեղ: Բայց ընդհանրապես, երգիչը նախ իր հայրենիքում պետք է կայանա և հետո գնա դուրս և ունենա այդ իմպրեսարիոն՝ «այդ թանկ հաճույքը»: Ի՞նչ է նշանակում՝ եթե երգում ես, դու պիտի վճարես իմպրեսարիոյին, նրա՛նք քո հետևից պիտի վազեն:
–Իսկ երիտասարդ ձայների իրացնելու քաղաքակիրթ ճանապարհը ո՞րն է։ Ինչպե՞ս են փնտրվում, գտնվում այդ մարդիկ, հայտնվում միջազգային մասնագետների ուշադրության ներքո, որպեսզի հետո իրենք էլ կարողանան հայտնի բերերում ներկայանալ:
-Մենք շատ ունենք հայ երգիչներ, որոնք հիմա դրսում երգում են, փորձում են, կարողանում են… Գիտեք, կայանալու, օպերայում երգելու համար պետք է կարողանալ ամբողջական նկարագիր ունենալ: Այսինքն, դու պետք է կարողանաս լավ երգել, ունենաս շատ լավ ձայն, ցանկալի է՝ գեղեցիկ արտաքին, բեմական տաղանդ, որը շատ կարևոր է այսօր, իմանաս լեզուներ, ունենաս շատ մեծ կարգապահություն: Պետք է կարողանաս դիմակայել, շատ արագ սովորես իրենց ներկայացրած ծրագիրը: Իսկ հիմա, փառք Աստծո, ճանապարհները բաց են, կարող են ուղարկել փոքրիկ ձայնագրություն, իրենց տվյալները, լուսանկար և գնալ, պայմանավորվել: Այդպես կարող են ունենալ պայմանագրեր: Իսկ երբ որ ես էի սկսում, այդ ժամանակ մենք Սովետական Միության կազմում էինք, և Ռուսաստանն ամենամեծ պետությունն էր, ամեն ինչ քվոտավորված էր. եթե մի փոքրիկ տեղ մնում էր, դա տալիս էին Հայաստանին, Վրաստանին, այսինքն՝ մենք եռակի ունկնդրումներ էինք անցնում: Անթիվ, անհամար ունկնդրումների եմ ես գնացել: Այսինքն` գնում և ծեծում ես այդ դռները և տասից մեկը բացվում է: Մի մտածեք, թե գերմանացի, ֆրանսիացի երգիչները չունեն այդ խնդիրը, նրանք էլ աշխատում են ռեստորաններում, գումար են հավաքում, այնուհետև իրենց հաշվին գնում են ունկնդրման, մրցույթների, ոչ մի տեղ չեն շահում, սակայն դա ջուրը չի ընկնում, քանի որ փորձառություն են ձեռք բերում:
-Իսկ ներկայացումների մասին ի՞նչ կասենք, կուզենայի՞ք ավելի թարմություն, նոր շունչ, խաղացանկը հնացա՞ծ չէ: Եվ ի՞նչ բեմադրություններ կուզենայիք տեսնել:
-Կուզենայի տեսնել ավելի շատ դասական հեղինակների, հիմա մենք Օպերայի խաղացանկում չունենք Մոցարտի որևէ ներկայացում, առանց Մոցարտի թատրոնը հնարավոր չէ պատկերացնել, չունենք Դոնիցետի, Բել Կանտո, չկա Չայկովսկի, Վերդի… Ունենք կարծեմ մեկ ներկայացում, ռուսական՝ Ռախմանինովի «Ալեկո» օպերան: Ընդհանրապես, տարվա մեջ նվազագույնը 6 նոր ներկայացում պետք է բեմադրվի : Ցխուրիխում, օրինակ, 15 նոր ներկայացում է լինում ամեն տարի: Չնայած, չենք կարող Ցյուրիխի հետ համեմատվել, բայց գոնե 4-6 ներկայացում պիտի ունենանք: Այս ձևով է հնարավոր է հանդիսատես բերել դահլիճ:
-Բայց դա իրատեսակա՞ն եք համարում:
-Ես նորից եմ ասում՝ մենք պետք է որոշենք՝ Օպերային թատրոնը որքանո՞վ է մեզ համար կարևոր:
-Ձեր հայաստանյան ծրագրերի ու մտահղացումների մասին ինչ կարող եք ասել:
-Արդեն 25 տարի է՝ դրսում եմ և երգել եմ միշտ առանց նախօրոք համաձայնեցնելու: Առաջներում նույնիսկ միշտ համերգները լինում էին այնպես, որ եթե ես Երևանի սրճարաններում նստած էի լինում, անցնում էին ու՝ «աա, Երևանում ես, ուրեմն, արի, մի բան երգի»: Եվ ես երբեք չեմ մերժել, սիրով համաձայնել եմ, երգում եմ 45 դերերգեր և դրանից 15-ը գոնե կարելի էր երգել Երևանում: Բայց նորից եմ կրկնում՝ այստեղ շատ խորը քնով քնած են: Դանդաղ են շարժվում, դանդաղ են մտածում… կամ ուղղակի այդ ջի՞ղը չկա։ Որ, այ, որոշեցինք ու արեցինք…Դե լավ, վաղը… կամ՝ չգիտեմ: Ու այդպես օր ենք մթնեցնում մենք Հայաստանում: Ու, առհասարակ, բոլոր ասպարեզներում: Ես նկատում եմ, որ եթե մեկն այս բաժակը պիտի վերցնի, դնի այստեղից այնտեղ… վայ, գիտես, չգիտեմ ինչ, այն դեպքում, երբ ավելի հեշտ է՝ վերցնել, դնել, քան կես ժամ խոսել դրա մասին: Շատ դանդաղ է այստեղ: Օրինակ՝առավոտյան աշխատանքի գնալուց առաջ կանայք անպայման վարսավիրանոց պետք է գնան, մազերը հարդարեն, անպայման պիտի եղունգները ներկած լինի, հետո նոր գնան աշխատանքի: Բայց չէ՞ որ շատ պարտադիր չէ, որ անպայման այդ օրը մազերդ շատ լավ հարդարես, կարևորը, որ գնաս, գործդ լավ անես: Եվ հետո օրը դառնում է կեսօր:
-Այսինքն, ըստ Ձեզ, կա մատների արանքով վերաբերմունք գործի նկատմամբ:
-Այո և կարծում եմ ՝պրոֆեսիոնալիզմի պակաս կա: Եվ, կրկնում եմ, դանդաղաշարժ են:
-Իսկ օբյեկտիվ պատճառներ չե՞ք տեսնում, որ ի վերջո 25 տարի շարունակ մարդիկ Հայաստանում լավ չեն ապրել, և հիմա էլ վաղվա օրվա հետ կապված հույսեր չունեն մի կողմից և մյուս կողմից կարծես պատմությունը կրկնվում է՝ սահմանին կրակում են անընդհատ: Առհասարակ, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում:
-Այո, դա կա: Բայց այն էլ կա, որ սահմանին զինվորը զոհվում է, բայց այդ նույն «Ֆեյսբուքում» մարդիկ կան, որ անընդհատ իրենց լուսանկարն են փոխում: Մեկն էլ տակը գրում է՝« շատ սեքսուալ ես կամ՝ ինչ գեղեցիկ ես»: Կամ՝ սահմանին զինվորը զոհվում է բայց այդ նույն հարսանիքները՝ նույն ճոխությամբ շարունակվում են: Դա մեծ հաշվով կապ չունի, բայց, իհարկե, այդ միտումը կա: Բայց կան նաև շատ լավ երիտասարդ լրագրողներ, որոնք պայմանավորվում են, ժամանակին գալիս են, արագ են: Այսինքն՝ իմ ցանկություն է դա, որ լինեն արագ: Ավստրիայում առավոտյան ժամը 7-ին կարող են քեզ զանգահարել ինչ-որ մի հիմնարկից:
-Ես, ի դեպ, երբեմն ժամը 9.30 զանգահարում եմ անգամ աշխատող մարդկանց՝ մամուլի խոսնակների, որոնք դժգոհում են, թե ինչու եմ 9.30-ին զանգահարել:
-Ճամփորդում են, սովորում են, տեսնում են հիմա լավ բաներ էլ շատ կան: Օրինակ՝ այդ կանաչ լույսի տակ կանգնելը, որ առաջ չկար:
-Երևան գալուց ի՞նչ զգացողություններ ունեք, և ի՞նչը Ձեզ ամենից շատ դուր չի գալիս:
-Ես որպես երևանցի եմ այստեղ գալիս, մենք մեր տունն էլ ենք պահել: Ամենաշատը դուր չի գալիս, որ կանաչ տարածքները քիչ են, օդն իսկապես չի հերիքում, մեքենաները շատ են: Ինձ շատ մտահոգում և բարկացնում է մայթերի բացակայությունը: Ամեն մեկը իր դռան առաջ սեփականացրել և աստիճաններ է կառուցել: Ինձ ուղակի վիրավորում է մեր խանութների ցուցափեղկերի անունները: Ոչ մի հայկական անուն չկա, բոլորը անգլերենից տգետ ձևով հայերեն թարգմանած են, և դա մեր քաղաքի ամենամեծ թշնամին է: Դրսից եկող զբոսաշրջիկը ի՞նչ պատկերացում կկազմի մեր քաղաքի մասին: Ինչ է, եթե հայկական անուն լինի, դա անպատվաբե՞ր կլինի։ Ինչ կապ ունի Lunch time-ը կամ Number one–ը մեզ հետ, սոսկալի և սահման չունեցող գավառամտություն է: Դա պարզապես պետք է արգելել, պետք է արգելել նաև երեխաներին օտար անուններ դնելը:
-Մշակութային հուշարձանների հետ կապված սկանդալին, վստահ եմ՝ տեղյակ եք: Բայց եղան մարդիկ, որոնք պաշտպանեցին ՝ ասելով, որ ընդունված են համերգային միջոցառումները նման հուշարձաններում:
- Աշխարհում լինում են դասական երաժշտական փառատոններ և այդպիսի հուշարձաններն օգտագործվում են մշակութային նպատակներով, գալիս են մարդիկ, բերում են տուրիստներ: Ես երգել եմ հարյուրավոր այդպիսի բացօթյա համերգներում, ներկայացումներում, բայց այդպիսի կերուխումներ երբեք չեմ տեսել: Ա՛յ, Դուք ասում եք սահմանին զինվորներ են զոհվում, բայց մյուս կողմից կան մարդիկ՝ այդ նույն հայերը, սեղաններ են փռում Գառնիի տաճարում և ճաշկերույթ են կազմակերպում:
-Ինչ է՝ այնտեղ ֆուրշետներ չեն լինո՞ւմ:
-Ֆուրշետներ, այո՛, լինում են, երկու քայլ այն կողմ: Լինում է ուղղակի խմիչք՝ համերգից հետո շնորհավորելու համար, հետագա ծրագրերը թարմացնելու, նոր ծրագրեր իրականացնելու և նմանատիպ հարցերի մասին են խոսում այդ ֆուրշետների ժամանակ: Դա երբեք կերուխումի նպատակ չունի, ես այդպիսի բան չեմ հիշում: Մեզ մոտ էլ է եղել. Արամ Ղարաբեկյանն է Գառնիում կազմակերպել բացօթյա համերգ… Իմիջիայլոց, Զվարթնոցի այդ շատ թանկարժեք և դժվարությամբ ձեռք բերված մետաղյա սարքերը, որոնց վրա երգչախումբն էր կանգնած, Արամ Ղարաբեկյանը հետո նույնիսկ տեղ չգտավ պահպանելու համար: Ես հիշում եմ, որ հետո շատ վատ, բացասական հոդվածներ գրվեցին Արամ Ղարաբեկյանի մասին, թե նա հայ չի, թե փչացնում է մեր պատմական հուշարձանները, իսկ այնտեղ մի մեխ անգամ չէր մեխվել պատերին: Ես ներկա եմ եղել այդ համերգին, և հույս ունեի, որ դա պետք է շարունակվեր: Գիտեք, Ավստրիան ոչ մի արդյունաբերություն չունի, բայց ապրում է տուրիստների, զբոսաշրջիկների հաշվին, և պետք է տեսնել, թե ինչպիսի հոգատարություն է ցուցաբերում կառավարությունն իր քաղաքի, մշակույթի հանդեպ, որովհետև դա իրենց ապրուստի միջոցն է:
-Այսինքն, մե՞նք էլ կարող ենք գնալ այս ճանապարհով:
-Իհարկե, կարող ենք, երբեք ուշ չի: Օրինակ, ասենք, կարող են Սանահինի կամ Նորավանքի շրջակայքում օպերային ներկայացում անել, դասական համերգներ անել, կամ ինչու չէ, նաև ազգային երաժշտություն, պարեր ներկայացնել աշխարհին:
-Հայկական հեռուստաալիքներ նայո՞ւմ եք, ի՞նչ կասեք այնտեղից հնչող երաժշտության մասին:
-Առաջին ալիքի ծրագրերում առաջխաղացում կա: Եթե միացնեք Իտալիայի կամ Ֆրանսիայի հեռուստաընկերությունները, ամբողջն աղբ է, ամենուրեք կա այդ աղբը: Իհարկե՛, ինձ համար շատ ցավալի է, որ օդանավակայանից դուրս եմ գալիս, պաստառին մի երիտասարդի պատկերն եմ տեսնում, տակը գրված է «Բալա»: Վեց ամիս հետո կրկին գալիս եմ, նույն երիտասարդի նկարն է, տակը գրած օրինակ՝ «Օլյա»: Ինձ այդպիսի երգերի բառերն են շատ վիրավորում: Սակայն դա կոմերցիոն նշանակություն ունի, և մենք պետք է հասնենք նրան, որ մարդը գա այնպիսի ինքնագիտակցության, որ անհարմար զգա լսել այդ երաժշտությունը, դրա դեմ անհնար է պայքարել: Ես խղճում եմ այդ երգիչներին, որ այդքան գումար են ծախսում:
-Համերգային ի՞նչ ծրագրեր ունեք, ի՞նչ առաջարկներ ընդհանրապես:
-Շատ են ծրագրերը, չեմ ուզենա թվարկել, թե այստեղից ուր պետք է գնամ, ինչ պետք է երգեմ:










