«Գիրքը» ֆիլմը նկարահանվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» ոգեշնչմամբ. պրեմիերային ներկա էր ՀՀ Նախագահը
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում այսօր «Կինոմոսկվայում» ցուցադրվեց ռուս ռեժիսոր Վիտալի Մանսկիի «Գիրքը» ֆիլմը, որը նկարահանվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» գրքի ոգեշնչմամբ: Ֆիլմի ցուցադրմանը ներկա էր նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Մինչ ֆիլմի ցուցադրումը, ռեժիսոր Վիտալի Մանսկին լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Գիրքը» ժամանակակից մարդու կյանքի մասին է, ով ի վերջո մի օր պետք է սկսի մտածել այն արմատական հարցերի մասին, հանուն որի ինքը գալիս է այս աշխարհ:
«Այս ֆիլմը ստեղծված է Նարեկացու աշխատության ոգեշնչմամբ: Ֆիլմի հերոսը հայ է, բայց այն ոչ Նարեկացու մասին է, ոչ էլ նրա գրքի մասին, այլ այն ուխտի, որն արվեց 1000 տարիներ առաջ մեզ համար և կշարունակվի դեռ շատ երկար: Երկու տարուց ավելի ենք աշխատել ֆիլմի վրա: Բայց ուզում եմ նշել, որ նմանատիպ ֆիլմերը քիչ են, քանի որ մեծ ջանքեր է պահանջում բոլոր առումներով՝ թե ստեղծագործական, տեխնիկական ու ֆինանսական»,-ասաց նա:
«Գիրքը» ֆիլմի ստեղծագործական պրոդյուսեր և գաղափարի հեղինակ Տեր Մեսրոպ քահանա Արամյանն էլ նշեց, որ փորձել են ցույց տալ ժամանակակից մարդու կյանքի կապը այն ամենի հետ, ինչ ասված է Նարեկացու գրքում:
«Ֆիլմը կոչվում է «Գիրքը», և մենք կարծում ենք, որ մարդկային կյանքն իրենից ներկայացնում է մի գիրք, ինչը փորձում ենք այսօր կարդալ: Նարեկացու հավիտենական մատյանի մեջ՝ գիրք– հայելու մեջ, փորձում ենք ինքներս մեզ տեսնել, ինքներս մեզ հասկանալ, կարդալ մեր իսկ անձնական կյանքի գիրքը»,-ասաց նա:
Նա հույս հայտնեց, որ ֆիլմի դիտումից հետո յուրաքանչյուր մարդ ինքն իրեն հարցեր կտա:










