Թբիլիսում մեկնարկում է Կովկասյան ջազ փառատոնը՝ Organ Trio-ի և Միքայել Ոսկանյանի մասնակցությամբ

19:47 • 15.07.14

Թբիլիսիում հուլիսի 15-19-ն ընկած ժամանակահատվածում 5-րդ անգամ կանցկացվի Կովկասյան ջազի փառատոնը, որին կմասնակցեն կատարողներ Վրաստանից, Հայաստանից և Ադրբեջանից: 

Ինչպես հայտնել է փառատոնի՝ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նինո Ցիտլանաձեն՝ Kavkaz Jazz Festival-2014 փառատոնին այս տարի կմասնակցեն նաև ջազմեններ Լեհաստանից: 

Kavkaz Jazz Festival-ը Վրաստանում անցկացվող միակ ոչ կոմերցիոն ջազ-փառատոնն է, որը նաև կրթական բաղադրիչ ունի: Նախագծի նպատակն է ջազի, ինչպես նաև Հարավային Կովկասում ջազային կատարողների միջև մշակութային երկխոսության զարգացումը, ինչը կնպաստի հետագայում համատեղ նախագծերի իրականացմանը:

Նախագծի կազմակերպիչն է Art Bridge հասարակական կազմակերպությունը: Նախագիծն իրականացվում է Վրաստանի մշակույթի և հուշարձանների պաշտպանության նախարարության և Թբիլիսիի քաղաքապետարանի ֆինանսավորմամբ:

Փառատոնին, որն անցկացվում է 2010 թվականից, մասնակցել է 50 երաժիշտ: Այս տարի փառատոնին Հայաստանը կներկայացնի Organ Trio խումբը: Հյուրերը հնարավորություն կունենան նաև ունկնդրել փառատոնի հատուկ հյուր Միքայել Ոսկանյանին:

 

Թբիլիսում մեկնարկում է Կովկասյան ջազ փառատոնը՝ Organ Trio-ի և Միքայել Ոսկանյանի մասնակցությամբ