«Ուդուլի» տոլմայի չորրորդ փառատոնը նախորդներից կտարբերվի մասնակիցների թվով և տոլմայի բազմազանությամբ

15:26 • 15.07.14

Հուլիսի տասնվեցին, ժամը 18:00-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ-ն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի տարածքում «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվի «Ուդուլի» տոլմայի չորրորդ փառատոնը: Այս փառատոնը նախորդներից կտարբերվի իր թեմատիկայով՝ այն կունենա «Տոլման Հայկական լեռնաշխարհում» խորագիրը: ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը, ՀՀ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն Սվետլանա Պողոսյանը, «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի միջոցառումների կազմակերպիչ Վարդան Հակոբյանը մամուլի ասուլիսում փառատոնից մանրամասներ ներկայացրին։


Մեխակ Ապրեսյանն ասաց, որ նման փառատոները նպաստում են զբոսաշրջությունը մարզերում տարածելուն և տարածքների համաչափ զարգացմանը: «Միջոցառումը նպաստում է, որ մեր ազգային կերակրատեսակները թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում ներկայացնենք»,-ասաց նա:


Սեդրակ Մամուրյանը նշեց, որ միջոցառումը ինքնանպատակ չէ: «Մենք հետ ենք մնացել խոհարարական աշխարհում և ցանկանում ենք մեր մշակութային խոհանոցը հասանելի դարձնել բոլորին»,-նշեց նա և նկատեց, որ տարեցտարի փառատոնը մեծ թափ է ստանում և ավելանում է դրսից հետաքրքրվողների շրջանակը:


Սեդրակ Մամուլյանն ասաց, որ փառատոնը համեմված կլինի երգով, պարով և նախատեսված է գլխավոր երեք անվանակարգ՝ լավագույն համ, լավագույն տեսք և լավագույն մտահղացում: Կլինեն նաև այլ անվանակարգեր, ինչպիսիք օրինակ՝ հանդիսատեսի համակրանք, լավագույն տաղավար, կոկիկ տաղավար, լավ սպասարկում և ամենակարևորը՝ արդեն երկրորդ տարին է, ինչ լինելու է ամենաերկար տոլմայի անվանակարգ, և կախված արդյունքից, հնարավոր է, դիմեն Գինեսի գրքում այն գրանցելու համար: Նա հիշեցրեց, որ անցած տարի ամենաերկար տոլմայի երկարությունը յոթ մետր ութ սմ էր:
«Այս տարի կազմակերպչական առումով ավելի լավ է լինելու, փոքր և մեծ ակնկալներ են նախատեսված»,-նշեց նա:


Սվետլանա Պողոսյանն իր խոսքում նկատեց, որ ազգային ուտեստի ներկայացման ասպարեզում լուրջ անելիքներ ունենք: Նա կարևորեց, որ միջոցառումը կազմակերպվում է սրբազան վայրում։


Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կապ ունի «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը Տոլմայի փառատոնի հետ, Վարդան Հակոբյանն ասաց, որ խոհանոցի վրա միշտ շատ մեծ շեշտ է դրվում և կինոփառատոնին եկած հյուրերին Տոլմայի փառատոնի միջոցով հնարավորություն է տրվելու ծանոթանալ մեր խոհանոցին:


«Մենք նման առիթը բաց չենք թողնի: Ես ինքս եղել եմ արտերկրում կազմակերպված մի շարք փառատոներում, որտեղ տոլման ներկայացվել է որպես իրենց կերակրատեսակը»,-ասաց նա:


Սեդրակ Մամուլյանը պարզաբանեց, որ տոլման «տոլի» բառից է, ինչն էլ նշանակում է խաղող վազ, և նրա հայկական լինելը վիճարկելի չէ:


Այս տարի լինելու է 30 տաղավար, անցյալ տարվա քսաներկու տաղավարի փոխարեն և փառատոնին մասնակցելու են ոչ միայն ռեստորանները, այլ նաև կազմակերպությունները: Փառատոնի առաջին տարում ներկայացված էր տոլմայի 68 տեսակ, և այս տարի այդ թիվը կավելանա:


Tert.am-ի հարցին, թե որքան է կազմում փառատոնի բյուջեն, ով է այն հովանավորում և ինչ գնային սահմաններում է վաճառվում տոլման, Սեդրակ Մամուլյանը պատասխանեց, որ փառատոնի բյուջեն այնքան էլ մեծ չէ, քանի որ շատերն են իրենց աջակցում: Նա ասաց, որ տեղը տրամադրում է մարզպետարանը, դրսից հյուրերին իրազեկում է կինոփառատոնը: Իսկ ինչ վերաբերում է տոլմայի գնին, նա ասաց, որ շուկան կթելադրի գնային քաղաքականությունը, և իրենք արգելք չեն կարող դնել: «Վաճառքից գոյացած որոշակի գումար այս տարի ևս բարեգործական հիմունքներով կտրամադրվի, և Արմավիրի մարզի գյուղերից մեկի առաջին դասարանցիները կապահովվեն գրենական պիտույքներով»,-ասաց նա: