Այս տարի Վարդավառը յուրահատուկ է նշվելու Գառնիում և Գեղարդում

21:11 • 15.07.14

Հայ երիտասարդների ամենասիրելի տոներից մեկին՝ Վարդավառին, մնացին հաշված օրեր: Այս տարի այն տոնվելու է յուրահատուկ. հայ երիտասարդությունը հնարավորություն կունենա ծանոթանալու տոնի իրական արմատներին՝ «Վարդավառ միջազգային փառատոնի» շնորհիվ: Այս փառատոնի գաղափարը պատկանում է «Երիտասարդ ակումբների դաշնության» (FYCA) նախագահ Ատոմ Մխիթարյանին, իսկ փառատոնի գեղարվեստական ղեկավարը Արմեն Սարգսյանն է, ով Tert.am-ին առավել մանրամասն ներկայացրեց փառատոնը:


Արմեն Սարգսյանի խոսքով` փառատոնի նպատակն է երիտասարդությանը համախմբելով կյանքի կոչել ավանդական Վարդավառը. «Եթե այսօր մենք հավաքվում ենք ու ուղղակի ջուր են լցնում միմյանց վրա կամ «սպանում ջրելով», ապա անցյալում այս ամենն ունեցել է իր խորհուրդը: Հուլիսի 27-ին փորձելու ենք կյանքի կոչել մեր մոռացված ավանդական ծիսակարգերն ու սովորույթները: Աշխատանքային թիմը համագործակցել է ազգագրագետների հետ, քննարկել անցկացման առավել հարմարավետ տարբերակներ»:


Նշենք, որ փառատոնը կանցկացվի Գեղարդում և Գառնիում: Որքան էլ որ փառատոնի կազմակերպիչները փորձել են վերականգնել ավանդական Վարդավառը՝ առանց կրոնական արմատների, այնուամենայնիվ, որպես քրիստոնյա ժողովուրդ միջոցառումը կմեկնարկի Գեղարդում՝ առավոտյան եկեղեցական ծիսակարգով, ապա ջրօրհնեքի արարողություն կլինի, այնուհետև փոքրիկ բեմականացում կցուցադրվի եկեղեցու բակում:


«Գեղարդում տոնելուց հետո կուղևորվենք Գառնի: Մինչև բուն խրախճանքը, Գառնիում նախատեսում ենք պատրաստել տաղավարներ, որտեղ մարզից եկած մասնակիցները կցուցադրեն իրենց մարզի բերքն ու բարիքը, մշակույթը, ինչպես դարեր առաջ: Իսկ երեկոյան թատերականացված ներկայացման շնորհիվ հյուրերը մտովի կտեղափոխվեն հին քաղաքակրթություն, կտեսնեն թե ինչ տոնակատարություններ են անցկացվել հնում: Այնտեղ ելույթ կունենան նաև ազգագրական երգչախմբերը», - ասաց Արմեն Սարգսյանը:


Երևանից մասնակիցներին Գեղարդ ու Գառնի կտեղափոխեն նախապես վարձակալած փոխադրամիջոցներ:


Փառատոնը Եվրոպայից հյուրընկալելու է մոտ 150 երիտասարդի, ովքեր հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական ազգային տոնի ծիսակարգին:


«Մեր արտասահմանյան հյուրերին առավել հետաքրքրել է հենց ոտքից մինչև գլուխ ջրվելու գաղափարը: Այս պատճառով էլ ցանկություն ունենք Գառնիի բակում ստեղծել նմանատիպ հարթակ, որտեղ ինքնակամ մուտք գործողները «կլողացնեն» իրար: Երևի կպատրաստենք նաև տաղավար, որտեղ ազգագրագետները մարդկանց կպատմեն տոնի ակունքների մասին»,- նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավարը:


Իսկ այն հարցին, թե արդյոք չկա վախ փառատոնը հեթանոսական ծեսի վերածելու, Արմեն Սարգսյանը պատասխանեց. «Մենք չենք հրաժարվում մեր պատմությունից, չէ՞ որ եղել է նաև ժամանակաշրջան, երբ մենք եղել ենք հեթանոս: Եթե չիմանաս պատմությունդ, ապագադ կառուցել չես կարող: Ուստի մենք չենք կարող խաչ քաշել և համարել , որ Վարդավառը սկսվում է Կարապի լճի ջրոցուց: Բայց միջոցառման ընթացքում չենք տարբերակելու կամ շեշտը դնելու կրոնական էլեմենտների վրա: Սա ավանդական հայկական տոն է, որին էլ մասնակից ենք դարձնելու այսօրվա երիտասարդությանը»:


«Մինչև այսօր էլ շատ մարզերում պահպանված ավանդույթներ կան: Տոնի նախատիպերից մեկը կապվում է Նոյի՝ ցամաք դուրս գալու հետ, երբ նա մեկ գավաթ ջուր է ցողում իր զավակների վրա և ասում , որ ամեն տարի այս օրը ջուր կցողենք իրար վրա՝ ի նշան մեծ ջրհեղեղի: Մի ժամանակ նաև գյուղերում տների առջև դրվել են ավելներ, որոնք վկայում էին, որ տանը չամուսնացած աղջիկ կա և Վարդավառի տոնին ջուր էին լցնում այս ավելների վրա. տոնը խորհրդանշում էր միություն, միասնություն: Մենք էլ համախմբելու ենք այսօրվա երիտասարդներին»,- հավելեց նա։



 

Այս տարի Վարդավառը յուրահատուկ է նշվելու Գառնիում և Գեղարդում