ՃՏՊ Հրազդանի կիրճում, 20-ամյա ուղևորը հոսպիտալացվել է

22:11 • 18.07.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 18-ին՝ ժամը 19.42-ին, ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում` «Ֆլորենց» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի 29TT589 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Ս. Մ., ծնվ.1993թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, ինչից ուղևոր Ն. Դ.-ը (ծնվ. 1994թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

Հրշեջ-փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենայնին, հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: