Ուկրաինայի անջատողականները հերքում են մալայզիական ինքնաթիռի կործանմանն իրենց առնչությունը
Գորլովկայի կամավորականների հրամանատար Իգոր Բեզլերը, որը հայտնի է նաև Բես անվանումով, հերքել է քաղաքացիական Boeing-777 ինքնաթիռի կործանման հետ զինյալների առնչությունը. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Բեզլերը խոստովանել է, որ զինյալ կամավորների խոսակցությունը, որի ձայնագրությունը հայտնվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության մոտ, տեղի է ունեցել: Սակայն նրա խոսքերով՝ այդ խոսակցությունն ինքնաթիռի կործանման մասին չի եղել:
«Մենք իրոք հեռախոսով քննարկել էինք ինքնաթիռի որոնումը, սակայն ձայնագրության մեջ լսվում է, որ խոսքը Ենակիևոյի ինքնաթիռի մասին է, իսկ Boeing-ն ընկել է Սնեժնիի շրջանում: Դրանց միջև հարյուր կմ կա, և ես չունեմ այնպիսի զենք, որ ինքնաթիռ վնասեմ նման հեռավորության վրա»,- հայտարարել է Բեզլերը:
Ձայնագրության իսկության վրա կասկածում է նաև Ժողովրդական հանրապետությունների միության խորհրդարանի փոխխոսնակ Ալեքսանդր Կոֆմանը:
Նրա խոսքերով՝ ձայնագրությունը մոնտաժված է: Նա ասել է, որ եթե ամեն բլոկպոստում զինյալները «Бук» համակարգեր ունենային, ապա «արդեն կռվելիս կլինեին այլ տարածքում»:
Հիշեցնենք, որ «Boeing-777» ինքնաթիռը, որը պատկանում էր « Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերությանը, երեկ կործանվել էր ռուս-ուկրաինական սահմանի ուկրաինական կողմում: Ինքնաթիռում եղած բոլոր 283 ուղևորներն ու անձնակազմի 15 անդամները զոհվել էին:










