Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Boeing-ի կործանման գործով ՌԴ 2 քաղաքացու է ձերբակալել
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ձերբակալել է Ռուսաստանի երկու քաղաքացու, որոնք կասկածվում են «Бук» զենիթահրթիռային համալիրից կրակը վերահսկելու համար, հաղորդում է УНИАН-ը: Այդ մասին Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահ Վալենտին Նալիվայչենկոն հայտնել է մամուլի ասուլիսի ժամանակ:
Անվտանգության ծառայությունը Ռուսաստանի երկու քաղաքացուն ձերբակալել է Դոնեցկի շրջանում ուկրաինա-ռուսական սահմանի հատվածներից մեկում: «Երկուսն էլ ռուսական անձնագիր ունեն, իսկ նրանցից մեկն անգամ եկել է զինգրքույկով, որտեղ նշված է նրա զինվորական մասնագիտությունը՝ կրակի ճշտորդ (корректировщик огня )»,- ասել է Նալիվայչենկոն:
Անվտանգության ծառայության նախագահի խոսքով՝ ձերբակալվածները հարցաքննվում են, իսկ «նրանց ցուցմունքները կկցվեն ահաբեկչության հետաքննության ապացույցների բազային»: Boeing-777-ի կործանման փաստի առթիվ հարուցվել է «ահաբեկչություն» հոդվածով քրեական գործ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող ինքնաթիռը կործանվել է «Бук» զենիթահրթիռային համալիրի միջոցով:










