Սահմանին լարվածություն միշտ է եղել, պարզապես հիմա տեղեկությունն է շատ. Էդվարդ Միլիտոնյան

14:38 • 18.07.14

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցմանը, հայտարարեց, թե ադրբեջանական սահմանագոտում միշտ էլ լարվածություն եղել է, պարզապես դրա մասին այսօր ավելի շատ է տեղեկացվում։


«Նման պարագայում բնական է, որ հասարակությունն ավելի շատ է անհանգստանում»,-ասաց նա և ավելացրեց, որ չպետք է մտածել, որ Ադրբեջանը հանկարծակի որոշեց դիվերսիոն խումբ ուղարկել:

«Դա մեթոդ է՝ անվերջ տաք պահելու Ղարաբաղի հարցն ու ցույց տալու, որ ինքն ամեն ինչ անելու է՝ այս հարցն հօգուտ իրենց լուծելու: Ադրբեջանը տեսնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչ մի կերպ չի արձագանքում, և շարունակում է իրեն այդպես դրսևորել: Հայաստանը պետք է ժամանակակից զենքերով զինվի: Ու չպետք է ասել՝ ավելի շատ ենք զենք առնում, քան քվոտայով թույլատրվում է, Ադրբեջանը խախտում է այդ քվոտան մի քանի անգամ ավել»,-ասաց նա:


Ասուլիսին ներկա երգահան Վահան Արծրունին էլ նշեց, որ Հայաստանը պետք է նաև հստակ ռազմավարություն ու արտաքին քաղաքականություն ունենա։ «Իսկ երբ պետությունը չունի հստակ ռազմավարություն ու արտաքին քաղաքականություն, երկրի բեռը կանգնում է զինվորի ուսին, մենք որդեգրել ենք այդ ստրատեգիան»,- ասաց նա:


Վահան Արծրունին, անդրադարձավ ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն, ասաց.«Այդ զենքը սկսեց խոսել հիմա, լուրջ իրավիճակ է մեր սահմաններում, եթե քսան տարի առաջ նման իրավիճակ լիներ, կհասկանայինք, որ սա պատերազմի սկիզբ է»:

 

 

Սահմանին լարվածություն միշտ է եղել, պարզապես հիմա տեղեկությունն է շատ. Էդվարդ Միլիտոնյան