Մոսկվայում թոշակառուի վրաերթի ենթարկած BMW-ի վարորդ Ալեքսանդր Պրուտյանը կալանավորվել է (տեսանյութ)
Մոսկվայի Բաբուշկինսկի դատարանը մինչև սեպտեմբերի 15-ը կալանավորել է խուլուհամր վարորդ Ալեքսանդր Պրուտյանին, ում մեղադրում են թոշակառուի վրաերթի ենթարկելու համար, գրում է lenta.ru-ն:
«Դատարանը քննիչի միջնորդությունն օրինական և հիմնավորված է համարել և որոշում է կայացրել բավարարել այն»,- ասված է դատարանի որոշման մեջ: Քննիչի խոսքով՝ Պրուտյանը վտանգավոր է հասարակության համար:
Մեղադրյալի փաստաբան Վլադիմիր Զայցևը, իր հերթին, խնդրել է իր պաշտպանյալին տնային կալանքի ենթարկել և բաց թողնել գրավի դիմաց, քանի որ Պրուտյանն ինքն է եկել ոստիկանություն և հանձնվել:
Ալեքսանդր Պրուտյանը հուլիսի 14-ին Մոսկվայի հյուսիս-արևելքում վրաերթի էր ենթարկել թոշակառուի։ Nissan Almera-ի տարեց վարորդը դուրս էր եկել մեքենայից, մոտեցել սպիտակ BMW-ին և նկատողություն արել վարորդին: Այնուհետև նա վերադարձել էր իր մեքենայի մոտ և սկսել բացել մեքենայի դուռը, այդ պահին BMW-ն առաջ էր գնացել և վրաերթի ենթարկել նրան: Վարորդը հեռացել է, իսկ թոշակառուին օգնության են եկել այլ վարորդներ: Տուժածը հիվանդանոցում է՝ ոտքի բաց կոտրվածքով:
Տեսագրությունը, որտեղ ֆիքսվել է տեղի ունեցածը, տեղադրվել է YouTube-ում:










