Չինաստանում անօթևանները խմբակային ինքնասպանության փորձ են կատարել
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում 5 կնոջից և 2 տղամարդուց բաղկացած խումբը փորձել է խմբակային ինքնասպանության փորձ կատարել՝ թունաքիմիկատներ խմելով China Youth Daily պարբերականի գրասենյակի մոտ։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, այսպիսով՝ նրանք փորձել են իրենց բողոքն արտահայտել Ցզյանսու նահանգի իշխանությունների դեմ, որոնք իրենց վռնդել են սեփական հողից ու գետնին հավասարեցրել նրանց տները։ Դեպքը տեղի է ունեցել 5 տարի առաջ, սակայն իշխանություններն առայսօր այս մարդկանց որևէ ֆինանսական փոխհատուցում չեն տրամադրել՝ նրանց դարձնելով անօթևան։
Ինքնասպանության փորձի սարսափելի տեսարանի ականատեսները նկարագրել են, թե ինչպես են կանայք ու տղամարդիկ պլաստմասսայե շշերից խմել քիմիական նյութերն ու հետո ընկել գետնին՝ կոկորդներից պինդ բռնած։ Ցուցարարներն անմիջապես հոսպիտալացվել են, և, ըստ բժիշկների, նրանցից 4-ի կյանքին այլևս վտանգ չի սպառնում, մինչդեռ մյուս 3-ը մահամերձ են։












