Ֆելիպե Բարբոզան իր հետ Բրազիլիա կտանի Սերգեյ Փարաջանովի ֆիլմերի հավաքածուն
Ռեժիսոր Ֆելիպե Բարբոզան իր առաջին լիամետրաժ ֆիլմը բերել է Հայաստան: Բարբոզայի «Մեծ տունը»-ն այնքան յուրօրինակ է եղել, որ ընդգրկվել է «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի գլխավոր՝ «Միջազգային խաղարկային կինո» մրցույթում: Ֆիլմի գլխավոր հերոսը՝ Ռիոյի սոցիալական վերնախավից սերող պատանին փորձում է խուսափել իր գերհոգատար ծնողներից, մինչ ընտանիքը սնանկացման ուղին է բռնել:
«Ուզում էի մի ֆիլմ ներկայացնել, որ ինքնին պարզ է, որովհետև խոսում է պարզ խնդիրների մասին, բայց և բարդ է, որովհետև ներկայացնում է բրազիլական հասարակության խնդիրները: Երբ ես սովորում էի Նյու Յորքում, իմ հայրիկը նույնպես սննկացման եզրին էր, և ես նրանից շատ հեռու էի, այդ իսկ պատճառով ամենավերջինն իմացա այդ մասին, և ֆիլմում ներկայացրել եմ այն, թե ինչպես ամեն ինչ կլիներ, եթե ես իր հետ լինեի և իր կողքին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Բարբոզան:
Ռեժիսորը նշել է, որ բրազիլական ռեժիսորներից շատերը սերում են բարձր խավից և հարուստ ընտանիքներից: «Երբ երիտասարդ էի, շատ վատ էի ինձ զգում և նյարդայնանում այն փաստից, որ ունեի ամեն ինչ մի երկրում, որտեղ շատերը քիչ բան ունեն: Իրականում ֆիլմը շատ կարևոր էր, որովհետև դրա միջոցով ես փորձում էի հասկանալ, թե հարստությունն ինչ է տալիս մարդկանց: Մինչդեռ դա մեկուսացնում է քեզ մյուս մարդկանցից»,- համոզված է ռեժիսորը:
Ֆելիպե Բարբոզայի կարծիքով՝ ֆիլմում առկա են նաև բրազիլական սերիալներին բնորոշ երանգներ: «Բրազիլական սերիալները Հայաստանում ևս մեծ տարածում ունեն, իսկ իմ ֆիլմում նկարահանված դերասաններից երկուսը բրազիլական սերիալների աստղեր են»,-նշեց նա:
Խոսելով Հայաստանի մասին՝ նա ընդգծեց, որ առաջին անգամ իմացել է Հայոց ցեղասպանության մասին աֆրիկյան թանգարաններից մեկում: «Երբ նոր երկիր եմ այցելում, տեղեկություններ եմ փնտրում այդ երկրի մասին: Ես գիտեի Հայոց ցեղասպանության մասին, քանի որ Աֆրիկայում աշխարհի ցեղասպանությունների թանգարան կար, և ես իմացա, որ այն 20-րդ դարի ցեղասպանություններից առաջինն էր և դեռևս չի ճանաչվել: Արդեն եղել եմ Պատմության թանգարանում, Մատենադարանում, այլ վայրերում: Մեր երկու ազգերը նմանություններ ունեն, որովհետև մեզ մոտ էլ առկա էր ցեղասպանության խնդիրը»,- նշել է նա:
Բրազիլացի ռեժիսորը պատրաստվում է իր հետ իր երկիր տանել Սերգեյ Փարաջանովի գործերի ամբողջական հավաքածուն, որը պատրաստվում է նայել իր տանը:
Ֆելիպե Բարբոզան ավարտել է Կոլումբիայի համալսարանի կինոբաժինը: Նրա «Մահը քիչ է» և «Աղի համբույր» կարճամետրաժ ֆիլմերը ցուցադրվել են «Սանդենս» կինոփառատոնում: «Աղի համբույրը» ներկայացվել է նաև Նյու Յորքի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում և բազմաթիվ մրցանակների արժանացել Ասփենում, Օսթինում, Գվադալախարայում և այլուր: 2007-ին «Filmmaker» հանդեսը Բարբոզային համարել է անկախ կինոյի 25 նոր դեմքերից մեկը:
Նրա «Մեծ տունը» սցենարը 2008-ին ընդգրկվել է «Սանդենս»-ի Սցենարիստի և ռեժիսորի աշխատանոցում, Աննենբերգի դրամաշնորհ է շահել և դարձել «Սանդենս»-ի և NHK-ի (Ճապոնիայի հեռարձակման կորպորացիա) համատեղ մրցանակի հավակնորդներից:
«Լաուրա» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, առաջին անգամ ցուցադրելով Հեմփթոնսի կինոփառատոնում, ստացել է լավագույն վավերագրության համար սահմանված մրցանակը, այնուհետև ցուցադրվել Hot Docs, Visions du Réel, Bafici կինոփառատոններում և այլուր:










