Բեկորներ, մասնատված դիեր, անձնական իրեր. BBC-ի հատուկ ռեպորտաժը՝ Boeing-ի կործանման վայրից (լուսանկարներ, տեսանյութ)
Բրիտանական BBC հեռուստառադիոընկերության թղթակից Դենիել Սենդֆորդն այցելել է հուլիսի 17-ին ռուս-ուկրաինական սահմանին մալայզիական Boeing 777 օդանավի կործանման վայր, որտեղից հատուկ ռեպորտաժ է պատրաստել։
«Առաջին բանը, որ դեպքի վայրում աչք է զարնում՝ ցորենի ու արևածաղկի դաշտերի մեջ ցաքուցրիվ եղած բեկորներն են։ Ամենուր տեսանելի են ինքնաթիռի դետալներ, մարդկային մարմինների այրված ու սարսափելի մնացորդներ»,- հայտնում է Սենդֆորդը։

Լրագրողի խոսքով՝ վնասված ճամպրուկների ու պայուսակների կողքին ընկած են ուղեգրքեր, ինչպես նաև «Ես քեզ սիրում եմ Ամստերդամ» գրությամբ շապիկներ։

Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ ավիաաղետից օրեր են անցել, սակայն ինքնաթիռի բեկորները շարունակում են ծխալ։

Նա նաև հավելում է, որ յուրաքանչյուր հայտնաբերված դի նշվում է սպիտակ կտորով փաթաթված փայտիկով։ Այդպիսի փայտիկներ կարելի է տեսնել ոչ միայն ինքնաթիռի ընկնելու վայրում, այլև դաշտերի ողջ տարածքով մեկ։

Սենդֆորդի խոսքով՝ ինքնաթիռի կործանման վայրը ոչ ոք չի հսկում։ Զոհերի ու բեկորների շուրջ քայլում են ինքնաձիգներով զինված ընդդիմադիրներն ու մի քանի հրշեջ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Դոնեցկի շրջանում կործանվել է Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որում եղել է 298 մարդ։ Malaysia Airlines ավիաընկերությունը հրապարակել է օդանավի բոլոր զոհերի քաղաքացիությունը հաստատող ցուցակը։
Ավիավթարի համար Կիևը մեղադրել է ռուսամետ անջատողականներին, սակայն վերջիններս հերքում են իրենց մեղքը։
ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ օդանավը խփվել է «երկիր-երկինք» տեսակի հրթիռով՝ ռուսամետ անջատողականների հսկողության տակ գտնվող տարածքից։
















