Մալայզիական ինքնաթիռը խփել են ռուսները. Էրդողան

14:33 • 19.07.14

Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռը խփվել է Ռուսաստանի կողմից արձակված հրթիռով. ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Բուրսա քաղաքում կայացած նախընտրական հանրահավաքի ընթացքում:

 

«Իսկ ի՞նչ կար այդ ինքնաթիռում: Խփվում է Նիդեռլանդներից Մալայզիա թռչող ինքնաթիռը, որում 160 հոլանդացի կար: Սա ի՞նչ մոտեցում է: Չէ՞ որ պատրաստվում էին խաղաղություն հաստատել ողջ աշխարհում»,-ասել է Էրդողանը:

 

Նա քննադատել է նաև Իսրայելին՝ Գազայի հատվածի ռմբակոծության համար, և տեղի ունեցողը դարձյալ ցեղասպանություն որակել:

 

Նշենք, որ Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռը կործանվել էր հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում: Աղետի հետևանքով զոհվել է 298 մարդ: