Անջատողականները ոչնչացնում են Boeing-ի կործանման ապացույցները. պաշտոնական Կիև

14:55 • 19.07.14

Դոնեցկի շրջանում մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում անջատողականները Ռուսաստանի աջակցությամբ փորձում են ոչնչացնել հանցագործության ապացույցները։


Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը, այդ մասին հայտարարել է Ուկրաինայի կառավարությունը:

«Կառավարության տվյալներով՝ ահաբեկիչները 38 դի տեղափոխել են Դոնեցկ քաղաքի դիահերձարան, որտեղ մասնագետներն ընդգծված ռուսական ակցենտով հայտարարել են, որ իրենք ինքնուրույն են իրականացնելու հերձումը»,- ասված է կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, ուկրաինական իշխանությունները կարծում են, որ անջատողականները խոշորամասշտաբ տրանսպորտ են փնտրում ինքնաթիռի մնացորդները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար:


Ուկրաինայի կառավարությունը հաղորդել է, որ այդ մասին տեղյակ են պահվել ԵՄ բոլոր անդամ երկրներն ու ԱՄՆ-ն:

 

«Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը, վթարի է ենթարկվել հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում, որտեղ բախումներ են ընթանում:

Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են: