Ուկրաինայի իշխանություններն ու անջատողականները պայմանավորվել են Boeing-ի կործանման վայրում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ
Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայչենկոն հայտարարել է, որ Կիևի իշխանություններն ու անջատողականների ներկայացուցիչները պայմանավորվել են մալայզիական ինքնաթիռի կործանման վայրում 20 կիլոմետրանոց անվտանգության գոտի ստեղծել, տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Եռակողմ բանակցություններն ավարտվել են նրանով, որ այժմ գոյություն ունի 20 քառակուսի կիլոմետր տարածք, որպեսզի Ուկրաինան կատարի հումանիտար առաքելությունը, վերցնի դիերն ու փոխանցի հարազատներին: Մենք հույս ունենք, որ ահաբեկիչները մեզ աշխատելու հնարավորություն կտան: Եռակողմ խմբում կան նաև Ռուսաստանից ներկայացուցիչներ, և թող նրանք վերջապես պահեն իրենց խոստումը»,- հայտարարել է նա:
Նախօրեին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ կողմ են արտահայտվել Ուկրաինայում երկկողմ հրադադարի հաստատմանը:
«Մալայզիական ավիաուղիներ» ավիաընկերությանը պատկանող Boeing 777 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ամստերդամ- Կուալա Լումպուր չվերթը, վթարի է ենթարկվել հուլիսի 17-ին՝ Ուկրաինայի արևելքում, որտեղ բախումներ են ընթանում:
Ինքնաթիռում գտնվող բոլոր 298 մարդիկ զոհվել են:










