Ռուսաստանն արգելել է Գուանտանամոյի և Աբու Ղրեյբի բանտերի հետ կապ ունեցող 12 ամերիկացիների մուտքը երկիր
Ռուսաստանի արտգործնախարարությունը փակել է ԱՄՆ 12 քաղաքացիների մուտքը երկիր՝ ի պատասխան Վաշինգտոնի կողմից հրապարակված պատժամիջոցների ցուցակի. տեղեկացնում է Russia Today-ը:
Ցուցակում հայտնվել են ամերիկացի զինծառայողներ, որոնք կապ ունեն Գուանտանամոյի և Աբու-Ղրեյբի բանտերում մարդու իրավունքների ոտնահարումների հետ:
«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ հետ պատժամիջոցների լեզվով խոսելն անօգուտ է: Նման քայլերն անհետևանք չեն մնում»,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
«Երբ խոսքը վիզային արգելքների մասին է, պատասխանը սովորաբար հայելային է լինում: Բոլորին հայտնի է, որ ամերիկացիների մշակած «Մագնիտսկու ցուցակից» հետո մենք կազմեցինք մեր՝ «Գուանտանամոյի» ցուցակը, որտեղ ներառվում են ԱՄՆ այն քաղաքացիները, նախկին և ներկա պաշտոնյաները, որոնք մեղավոր են մարդու իրավունքների խախտումների, մեր համերկրացիներին հետապնդելու և Ռուսաստանից որդեգրված երեխաներին բռնության ենթարկելու համար», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը:
Նա նաև խոստացել է, որ հակառուսական նոր պատժամիջոցներին՝ ուկրաինական իրադարձություններով պայմանավորված, անպայման պատասխան քայլեր են հետևելու:










