Մալայզիան պահանջում է կործանված Boeing-ի սև արկղերը

15:37 • 19.07.14

Մալայզիայի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են ստանալ հուլիսի 17-ին Ուկրաինայի տարածքում կործանված մալայզիական ինքնաթիռի սև արկղերը:


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, այդ մասին հայտարարել է Մալայզիայի վարչապետ Նաջիբ Թուն Ռազակը:


Նրա խոսքերով՝ համաձայն միջազգային իրավունքի, ինքնաթիռի տերը, այսինքն` երկիրը, որին պատկանում է ինքնաթիռը լիարժեք իրավունք ունեն ստանալ ինքնաթիռի սև արկղերը:


«Մենք պետք է հետևենք միջազգային օրենսդրությանը, և նրանք, ովքեր որևէ իրավունք չունեն, չեն կարող պահանջել կամ տնօրինել դրանք»,- ասել է վարչապետը:


Նաջիբ Թուն Ռազակը նաև նշել է, որ երկիրը կանի հնարավորը՝ զոհված մալայզիացիների մնացորդները վերադարձնելու համար (ավիաընկերության տվյալներով՝ ինքնաթիռում եղել են 44 մալայզիացիներ՝ այդ թվում անձնակազմի 15 անդամները):


Մալայզիացի քննիչները հուլիսի 19-ին ժամանել են Կիև, որպեսզի թույլտվություն ստանալուց հետո ուղևորվեն ավիաաղետի վայրը:


Ավելի վաղ Կիևը հայտարարել էր, որ «համաձայն միջազգային իրավունքի բոլոր նորմերի, ինքնաթիռի այդ կրիչները, պետք է գտնվեն այն երկրի տարածքում, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, այսինքն՝ Ուկրաինայում: