Իսլամիստ գրոհայինները քարկոծելով սպանել են դավաճանության համար մեղադրվող սիրիացի կնոջը

14:00 • 19.07.14

Սիրիայի հյուսիսային Ռաքքա նահանգում իսլամիստ գրոհայիններն ամուսնական դավաճանության մեղադրանքով քարկոծելով սպանել են մի կնոջ, հայտնում է Al Arabiya-ն՝ Մարդու իրավունքների մշտադիտարկման սիրիական կենտրոնին հղումով։

 

Աղբյուրը նկատում է, որ մահապատժի հետևում կանգնած է «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը որոշ ժամանակ առաջ հայտարարել էր Սիրիայի ու Իրաքի որոշ տարածքներում խալիֆայության ստեղծման մասին։

 

Ռաքքայի ակտիվիստները ևս հաստատել են այս տեղեկությունը՝ հավելելով, որ 30-ամյա կնոջ դաժան քարկոծումը տեղի է ունեցել Տաբաքա քաղաքի հրապարակում՝ հինգշաբթի երեկոյան։

 

Al Arabiya-ն հավելում է, որ սա առաջին դեպքն է, երբ նշված ահաբեկչական խմբավորումը հրապարակային մահապատիժ է իրականացնում Սիրիայում։