«Ես էլ, դու էլ, Հայաստանն էլ քյանդրբազ ենք, փետը ձեռքիցդ մի գցի, որ չընկնես». լարախաղացություն զրույցի փոխարեն

17:12 • 19.07.14

Այս էլ քանի օր է մեկը լեղապատառ երգում է մեր բակում. հենց այնպես, առանց որևէ գործիք–նվագարանի, կանգնում ու երգում է ժողովրդական անուշ երգեր. բայց լաց կա տղամարդու կոկորդում ու երգն այնտեղ հասնելիս թրջվում ու խեղճանում է, որովհետև ծանր գործ է երգը հացով փոխելը։ Ծանր։

Եվ այս ամենը մի վայրում, ուր արդեն պարզ երևում է գազանի դրոշմը, նրա անհամար պատուհասները. սրան երկինքը պատասխան ունի տալու.արդյո՞ք չեք տեսնում ձեր գլխավերևում պտտվող նրա սկավառակները, ճակատին դաջված անունը, այն պոռնկություններն ու գարշությունը, որ կուտակվելով հասել է երկինք՝ իր եղջյուրները խրելով երկնքի սիրտը։ Այդ սիրտն արդեն անցել է ցավի շեմը և կպատռվի, եթե մեր գառը չկանգնի այդ ճամփաբաժնին։Հենց գառը, իմացեք, որովհետև մնացածն արդեն ամեն ինչ գիտեն և անկարելի է նրանց հետ ամենապարզ ճշմարտությունների մասին զրուցելը, օրինակ` այն մասին, որ գառնուկը հենց իրենց էլ պիտի հաղթի.մենք կլսենք այդ մեկ հատիկ բառը՝ «Եղավ» ։


–/երգում է: Վ.Ս./ Գար–նան ա–նուշ զով զե–փյուռի...

–Բարև՛ Ձեզ։

–/Շարունակում է երգել։ Վ.Ս/Սիրտս տաքուկ գիրկդ ճախրեց, իմ մայրիկ, իմ մայրիկ ...

–Չե՞ք ուզում խոսել։

–Բա երգը խոսալ չի՞։

–Երևի ինչը խոսքով չեն կարողացել հասկացնել, երգի են դիմել։ էսօր հավաքվե՞ց մի բան, տեսնում էի, վերևից էլ էին ահագին գցում։


– Ես էն շպրտածները չեմ վերցրել, հենա, նայի, շու՞ն եմ, ի՞նչ եմ.երգս լսել ե՞ս, ուզում ես քո մարդկությունն անես, իջի ձեռս սեղմի, քո մարդկությունն արա, ու՞ր ես փողով խփում գլխիս.էդ փողը վերցնելը հարամ ա։

–Կգա՞ք գնանք մեր տուն, մի քիչ հանգստանաք, սուրճ խմե՞ք։


–Չէ, քույրիկ ջան, գոհ ու շնորհակալ եմ, բա հարևաններն ի՞նչ կասեն քեզ, ես էլ տանը կնիկ ունեմ, ամոթ ա։

–Երեխաներ էլ ունե՞ք։


–Հա, տղես փախստական ա գնացել Ամերիկա, ես դրա մոր ինչը ասեմ, աղջիկս էլ նամուսով ամուսնացրած ա։

–Տղեդ ա իր անունը փախստական դրե՞լ, թե՝ դու՞։


–Չէ, ինքն իրան լորդի տեղ ա դրել, զանգում ա մորն ասում, էսքան փող ունեմ, էնքան փող ունեմ ։Ես էլ մորն ասում եմ էդ օղրաշի հացն էս տուն չմտնի։

–Ինչու.բա իր ծնողներին չօգնի՞, ախր օտար տեղ, որ մարդն իր ծնողին չօգնի, քունը չի տանի.շատ անգամ հենց միայն էդ խաղաղ քնի համար են ուզում օգնել...


–Կնկա քամակից կախվեց գնաց։ Իրա դոլարը ինձ պետք չի, գույնն էլ չեմ տեսել, ոչ էլ ուզում եմ տեսնել.տանը մնար, ոսկերիչ էր,իսկ հիմա ջհանդամի տակին փախստական ա։ Աննամուս, բա ես երեք թոռ ունենամ, երեքի երեսն էլ Ամերիկան տեսնի, ես չտեսնե՞մ, հա, մեջքս կոտրել ա, էլ ինչ ա մնացել էն Բաբկենից, հենա տեսնում ես, էլի։

–Բաբկեն ջան, բա էս գործով տուն պահել, ապրել լինում է՞։

–Չէ, բողազով որ ուզես, բողազով չես կարա ուտես, չէ։

–Բա գյուղացի ուժեղ մարդ ես, լավ չի՞ հող մշակես, ապրուստդ հողից վերցնես։

–Դու քաղաքացի ես, բան չգիտես, բա երե՞ս է մնացել, որ հողին նայենք.պարտքով վարուցանք արինք ու ընկանք տոկոսի բերան, հլա մի երկու տարվա պարտք էլ վզիս կապած ա. Ես երդում եմ կերել, որ էդ հողին էլ մատ տվողը չեմ.կանչեցի ասի էս մեռելն ինձանից հանեք կամ էլ հենց հիմա մի փոս եմ փորում, մտնեմ էս հողի տակը։ Դու էլ իսկականից կնկանս խելքին ես...

–Հա՞, հիմա կնիկդ ինչ ա ասում, դե՞մ ա քո էս երգեցողությամբ փող աշխատելու՞ն։


–Բա ինչ ա, ինձ ասում էր իսկի մի սազ չունես, քեզ ով ա քաղաքում փող տալու։ Բայց սազով ով ասես մեյդան կգա, դու ասա, մեկը կա՞, որ իմ պես շվացնելով երգի։Էն օրն էլ կպել ա, թե քարն էլ հետդդ վերցրու տար գոնե դանակ–մկրատ սրի։


–Հենա նոր բիզնես ա մտածել քեզ համար, բա ինչ ասի՞ր։


–Ասի էդ բաները քո էն շան ծիծ ծծած փախստական տղուդ խորհուրդ տուր, թող գնա էն ամերիկացիների ատամները սրի, որ սաղ աշխարհը ծամեն, թքեն։

–Բայց ոնց որ Ամերիկայի հետ լավ չես, ինչու՞։


–Դուք կնիկ արմատ եք, էդ լուրերը չեք նայում, որ իմանաք։ Դրանք աշխարհն առել, մեջը նստել են, բոլորին ճնշում են, ամենաշատ զենքն իրանցն ա, մյուսներին չեն թողնում, որ զենք ունենան. ես իմ փախստական տղուն ասում եմ, այ շան տղա, սովետը որ կար, դրանք շան պես դողում էին մեզնից, հիմա դրանց կնանիքն արդեն դառել են 200 կիլո, տեղերում չեն տեղավորվում էնքան են էն բանից կերել, էն ինչ էր է անունը, կլոր, մեջը զիրթզիբիլ։

–Համբուրգե՞ր։


–Հա ու էդ զիբիլ ուտելիքներով էլ աշխարհը լցրել են,մի անգամ փող տվի առա,ասի ուտեմ, աշխարհը մեռնել կա.ինչ եղա՞վ, հազիվ մեռնելուց պրծա.մտա տուն ասի, աղջի, մի ճար արա, ինձ փրկի,աչքերս քյալլես էր գնացել։Վերջում ասի էսի ուտող ու մարսող ազգը մարդկությունից էլ կնկնի, տղամարդկությունից էլ։

–Իսկ ռուսները լավն ե՞ն, նրանց մասին ինչ կարծիքի ես։


–Հարևանի հարսը լավն ա, բայց իրա մարդու համար ա լավ, մեզ ի՞նչ։Ես էդքան տարի խոպան եմ գնացել, մի հատ ռուս կնկա մոտ չեմ գնացել.մի հատ հեռվից տեսնում ա, նամակ ա գրում, թե քեզ սիրում եմ, բայց այ պարազիտկա, էսքան տարի, որ ես իմ կնկա ծոցին եմ, իսկի ինքը ինձ տենց բան չի ասել, դու ամոթ, աբուռ չունե՞ս։ Հիմա որ էդ Պուտինը իրա կնկան չկարեցավ տիրություն անի, էդ անծայրածիր երկրին ոնց ա տիրություն անելու.խելքս բան չի կտրում։

–Բայց հենա, կարծես նոր Սովետ է սարքում, մեզ էլ կանչում է այնտեղ ապրելու։


–Հիմա ինձ լսի.էլ սովետ չի կարա լինի, Գարբաչովը էդ երկիրը ծախել ա ամերիկացիներին։ Էդ թազա բանն էլ սենց ա. ասենք ես քեզ ասում եմ, թե աշխարհի ամենալավ երգիչը ես եմ, դու ինչ պիտի ասես, պիտի միանգամից հավատաս՞։

–Դե չէ, ինձ էդքան հեշտ չի համոզելը...

–Ապրես, կասես հլա մի հատ երգի տեսնեմ, ոնց ես ամենալավ երգիչը, չէ՞։

–Դե հա, գոնե մի բան պիտի երգես, որ համեմատելու բան լինի։


–Ըհը, հինգ ես ստանում.բա հիմա էլ էս Պուտինն ա, ասում ա թազա, լավ երկիր եմ սարքում, դուք էլ եկեք։ Բայց մենք պիտի ասենք, այ ընկեր, հլա մի հատ սարքի, տեսնեմ էդ ինչ լավ բան ես սարքում, որ հետո մենք էլ գանք ըտեղ։Ով ասում ա ձեռս խիար ա, աղն առնենք, վազե՞նք։ Մեր բեսեդկան էլ էս կռիվը եղավ. Ասում են, Բաբկեն, քո խելքը չի կտրում, որ ռուսի հետ չլինենք թուրքը մեզ մի օրում կուլ կտա։ Ես էլ ասի, այ ես ձեր խելքին աղ անեմ, ամեն մեկը վերմակն իրան ա քաշում, քեֆը տնգոզ ռուսը հայի ախպերը չի, ռուսը ռուսի ախպերն ա.

–Բա ե՞րբ է հայը հայի ախպերը դառնալու։


–Կաց, ասեմ.Մեր գեղում մի Վալոդ կար, սա ում տեսնում, ասում էր.ես քո ախպերն եմ, բայց բոլորին հանում էր իրար դեմ, որ ինքը մեջտեղ լավամարդ դուրս գա։Մի օր հարևանիս հետ պայմանավորվեցինք «ջրի կռիվ» ու սենց ստից իրար հետ հանաքով կռիվ ենք անում, մեկ էլ սա եկավ։ Ինչ ասի, որ լավ լինի։ Ասում ա, ջուրն ինչ ա՝ իրար եք կպել, դուք էսօր բարիշողը չեք, թողեք ես հլա իմ բոստանը ջրեմ, մինչև դուք իրար հետ լեզու գտնեք։ Հիմա հասկացա՞ր համեմատությունս։Ես էդ պատմությունը ռուսի համար արեցի.բա ախպերը կտանի զենքը կտա քո թշնամուն, կասի, էս պահի, որ սրանով կրակես ախպո՞րս։ Հեյ, քանդվես աշխարհ...


–Բա մեր ճարը որն է, ինչ է լինելու սրա վերջը։


–Սա քյանդրբազ է, հլա չի իմացվի։

–Ո՞վ ա քյանդրբազը։


–Ես եմ, դու ես, իմ կնիկն ա, էս մեր նախարարներն են, սաղ էլ քյանդրբազ են, փետը ձեռներիս պիտի լինի, որ չընկնենք, կոտորվենք։ /Սկսում է երգել/ Ջիվանին ասում ա. Հայերս մեկ լեզու, մեկ կրոն ունինք, ուրիշ ոչինչ մեզի սեփական չկա. ինչ որ ունինք, պահենք իրար սիրելով, դրանից մեզի լավ` ուրիշ բան չկա:
Այ կնիկ, խի ես փողը շպրտու՞մ. էհ, հայեր, հայեր,երբ եք դուք խելքի գալու...

–Հավատու՞մ ես, որ խելքի ենք գալու։


–Եթե խելքի չգանք, մեզ կուտեն, ոսկորներս էլ կգցեն շների բերան։

–Ինչ պիտի անենք, օրինակ, ի՞նչ քայլեր։


–Այ կնիկ, դու ինձ էդքան հարցերը խի ես տալիս, դատախազ ե՞ս, ես էլ քո բռնվածը՞։

–Բա ինչ անեմ, իմ գործն էլ սա է. ես ժուռնալիստ եմ։


–Պահո, եթե դու իսկականից ժուռնալիստ ես, դե ինձ ասա էդ խի եք էդքան սուտ բաներ խոսում.կնիկը լավ ա սերիալներ ա նայում, թե չէ ես կգժվեմ ձեր ձեռը.գեղի ունեցվածքը որձակին բարձես կտանի, դուք ասում եք տնտեսական աճ.չեք ամաչու՞մ.հիմի ես քեզ ինչ ասեմ, հը՞։


–Հա, գիտեմ, վատ է վիճակը. Էդ տնտեսական աճի մեծ–մեծ թվերը իշխանության կարծիքն է, դուք էլ ձեր կարծիքն ասեք, որ ճիշտն իմանանք։

–Խի դու ճիշտը չես տեսնու՞մ։Թալանչիներին պիտի բանտ նստացնեն.էդ դրանց ռոճիկն ինչ ա, որ դրանք տենց մեծ–մեծ տներ են սարքում, մեծ–մեծ ավտոներ են առնում, էդ սաղ մեր ջանից են պոկում ուտում.ասա, այ մեծամեծ, խի դու Ջիվանու երգերը չես լսել, էհ, սխալ են անում, սխալ, անեծքի տակ են ապրում։ Բա որ քո կողքի մարդու ստամոքսը գոռում ա, դու էդ ձենը չես լսում։ Ամոթ ա իրանց, ամոթ, փորը ջվալ չի, մի քիչ ուտում ես, քեզ ասում ա, բոլ ա, ես կշտացա, էլ ինձ բան մի տուր, բա դրանք մի փորի չափ խելք էլ չունե՞ն։ Դու դրանց հանդիպում ե՞ս, սենց դեմ դիմաց կանգնու՞մ ես առաջները։

–Դե մեկ–մեկ պատահում է էլի։

–Որ մի անգամ էլ հանդիպես, իմ կողմից ասա, ասա Բաբկենն ասում ա ձեզ էլ ա 4 փետ, մի սպիտակ «պրոստին» հասնելու, մի անուն թողեք, մի փառք թողեք, որ ձեր թոռները չամաչեն ձեր պատճառով, ամոթ ա, Ջիվանին ասում ա՝ մեր գոյության վնաս գործերը ատիր, որ չլինես կաղ ու ծուռ շլինք։ Իմացա՞ր։

– Մի րոպե, կներես, զանգին պատասխանեմ...

–Էդ ի՞նչ ա եղել, ո՞վ է մեռել։

–Մի հրաշալի, ընտիր տղա՝ Վարդանը, ազատամարտիկ էր, 4 երեխաների հետ ապրում էր մանկապարտեզում հատկացված մի սենյականոցում, ծայրը ծայրին, մի կերպ ապրում էր ու...մի խոսքով, մի քանի բիլակավոր վրա են տվել հենց բակում , էնքան են խփել, որ հիվանդանոցում մեռել է։


–Վայ, ես դրանց մարդ ասողի...բայց պատճառն ինչ ա եղել, չասե՞ց էդ զանգողը։

–Ասել են արի մեզնից ներողություն խնդրի, ուզել են նվաստացնել երևի։ Հեսա գնամ, կիմանամ։


–Սպասի, մենակ չգնաս, դու կնիկ արմատ ես, ես կգամ քո հետ, ես գամ, տեսնեմ, էդ ով են էդ լակոտները, որ կռված տղուն տալիս, սպանում են։ Էդ ինչ ա, նա գնացել ա թուրքին հաղթել, որ հայի ձեռով սպանվի՞։Արի հիմա հենց էն տաքսին նստենք, գնանք, հենա նայի, մի հազար դրամ արդեն հավաքվել ա, սպասի գնամ բերեմ, տեղիցդ իրար չգաս..........

Զրույցը՝ ՎԱՐԴուհի Սիմոնյանի