Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ
Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կիրակի օրը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հեռախոսազրույցների ընթացքում քննարկել է Ուկրաինայի արևելքում Boeing 777-ի վթարի հանգամանքների հետաքննության հետ կապված իրավիճակը: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետի ներկայացուցիչը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Նրա խոսքերով՝ առաջնորդները պայմանավորվել են, որ «ԵՄ-ն պետք է վերանայի իր մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ, ինչպես նաև այն մասին, որ արտաքին գործերի նախարարները պետք է պատրաստ լինեն ՌԴ-ի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանել, երբ հանդիպեն երեքշաբթի օրը»:
«Բոլոր երեք առաջնորդները պայմանավորվածության են եկել, որ առաջնահերթ խնդիրը ավիավթարի տեղանքի հասանելիության ապահովումն է»,- նշել է վարչապետի ներկայացուցիչը՝ հավելելով, որ մասնագետները պետք է հնարավորություն ունենան «ստանալ զոհերի մարմինները և վերադարձնել դրանք տուն»:
Երեք երկրների առաջնորդները կարծում են, որ Պուտինը «կարևոր դեր է խաղում» ապստամբներին «կարճատև ժամկետներում» վթարի վայր մուտք գործելու հնարավորություն տրամադրելու մեջ համոզելու գործում:
Քեմերոնի ներկայացուցչի խոսքերով՝ «արտաքին գործերի նախարարն այսօր կառավարության նիստ կանցկացնի ավիավթարի առնչությամբ»:










