Ծխախոտից մահացածի այրին ծխախոտ արտադրող հսկայից $23 միլիարդ փոխհատուցում կստանա

15:22 • 20.07.14

R.J. Reynolds Tobacco ծխախոտ արտադրող ԱՄՆ-ում մեծությամբ երկրորդ ընկերությունը ծխախոտի հետևանքով մահացած տղամարդու այրուն կվճարի 23 միլիարդ դոլար, գրում է lenta.ru-ն:


Նման որոշում է կայացրել Ֆլորիդայի դատարանը: Ձեռնարկությունում հայտարարել են, որ փոխհատուցման գումարը, որը դարձել է ամերիկյան նահանգի պատմության մեջ ամենախոշորներից մեկը, «դուրս է գալիս ողջամիտ և արդարացի սահմաններից»:


36 տարեկան հասակում թոքերի քաղցկեղից մահացած Մայքլ Ջոնսոնի այրին՝ Սինտիա Ռոբինսոնը հայց է ներկայացրել ծխախոտ արտադրող ընկերության դեմ 2008 թվականին: Պենսակոլա քաղաքի բնակիչը պնդում էր, որ իր ամուսինը՝ ավտոբուսի վարորդը, ծխում էր օրական մինչև երեք տուփ ավելի քան 20 տարիների ընթացքում: «Նա չէր կարող ազատվել վնասակար սովորությունից: Նա ծխում էր անգամ իր մահվան օրը 1996 թվականին»,- հայտարարել է հայցվորի փաստաբանը:


Դատարանում լսումները շարունակվել են չորս շաբաթ: Փաստաբանները պնդում էին, որ ծխախոտ արտադրող ընկերությունը չի ներկայացրել բավականաչափ տեղեկություն ծխելու վնասի և առաջացող կախվածության մասին:


Ի սկզբանե դատավորները որոշել են, որ R.J. Reynolds Tobacco-ն պետք է վճարի այրուն, ինչպես նաև իր որդուն 7,3 և 9,6 միլիոն դոլար համապատասխանաբար: Սակայն հավելյալ յոթ ժամ տևած քննարկումից հետո որոշում է կայացվել ընդհանուր գումարը մեծացնել մինչև 23,6 միլիարդ դոլար: