Թուրքիայի՝ Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտու ստեղծումը Հայաստանի համար լավ չի լինի. կարծիքներ
Եթե Թուրքիայի կողմից Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու նախաձեռնությունն իրականություն դառնա, դա Հայաստանի համար կլինի հերթական ոչ լավ զարգացումն այն առումով, որ Թուրքիան կդառնա էական խաղացող այդ շուկայում և այդ հարաբերությունների մեջ, և, անպայման, որոշակի հակահայկական դրսևորումներ կլինեն:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ, «Մոդուս-Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանն՝ անդրադառնալով Ռուսաստանի էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Ուլյուկաևի հայտարարությանը՝ թե ՌԴ և Թուրքիայի էկոնոմիկայի նախարարները քննարկել են հնարավոր համագործակցության ձևաչափը՝ այդ թվում Թուրքիայի և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու ձևավորման հնարավորությունը:
«Թուրքիան նման մտադրություն վաղուց է ունեցել: Երբ (Նուրսուլթան) Նազարբաևը խոսում էր Եվրասիական տնտեսական միությանը Թուրքիայի միանալու մասին: Ըստ էության, նա ոչ թե անդամակցության մասին էր խոսում, այլ ինչ-որ մի ձևով միանալու: Հիմա եթե այս տարբերակն աշխատի, որը շատ շահավետ կլինի Թուրքիայի համար, ինչպես նաև մյուս թյուրքալեզու երկրների, մեզ համար սա հերթական ոչ լավ զարգացումը կլինի այդ ուղղությամբ»,- ասաց Արա Պապյանը:
Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանի համար բոլորովին ցանկալի չէ նման զարգացումը, քանի որ դա կբերի Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսական շահերի էլ ավելի սերտաճման:
«Հիմա մոտավորապես 20 միլիարդ դոլար է այդ երկու երկրների առևտրաշրջանառությունը, բայց նրանք մտադիր են մինչև 100 միլիարդի հասցնել այն. սա հսկայական թիվ է՝ իր բոլոր քաղաքական հետևանքներով»,- նկատեց նա։
Այս պարագայում, ըստ Արա Պապյանի, Հայաստանը, ցավոք հնարավորություն չունի որևէ բան անելու, որովհետև դա և՛Ռուսաստանի, և՛ Թուրքիայի համար տնտեսական շատ մեծ շահ է:
«Մնում է հույսներս դնենք Ռուսաստանի՝ իր իսկ աշխարհաքաղաքական շահերի ըմբռնման վրա, բայց պետք է նկատենք, որ փորձը ցույց է տալիս, որ դա չի աշխատում»,- հաղորդեց Արա Պապյանը՝ հավելելով, թե Ռուսաստանն այսօր պատրաստ է սեփական տնտեսական շահի համար ուրանալ սեփական աշխարհաքաղաքական շահը, մենք դա տեսել ենք, որովհետև Ռուսաստանը շատ ավելի կարճաժամկետ խնդիրներ է լուծում՝ ելնելով իր ծանր կացությունից:
Արա Պապյանը չի կարծում, թե Հայաստանը կկարողանա դրան խոչընդոտել՝ եթե կողմերն իսկապես գնան այդ հարաբերությունների ստեղծմանը: Միակ ուժը, ըստ նրա, որ կկարողանա ինչ-որ ձևով զսպել, դա Միացյալ Նահանգներն է. դա էլ այն դեպքում, եթե ԱՄՆ-ն չուզենա, որ Թուրքիան չափից ավելի մերձենա Ռուսաստանի հետ:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ դեռ վաղ է խոսել այդ հարաբերությունների մասին, քանի դեռ նույնիսկ կողմերը հստակ հայտարարություններ չեն անում:
«Թուրքիան՝ արտաքին առևտրի բնագավառում ունենալով մեծ հարաբերություններ Ռուսաստանի հետ, բնականաբար, կցանկանա ընդլայնել դրանք: Բայց Մաքսային միության անդամ երկրների մոտ մի խնդիր կա՝ Ղազախստանի հանգամանքը: Ղազախստանը միշտ էլ ցանկություն ունեցել է ընդլայնել Թուրքիա-Ղազախստան առևտրատնտեսական հարաբերությունները, և այդ հանգամանքն օգտագործելով ուզում են Թուրքիային ընդգրկել՝ իրենց տնտեսական ցանկություններն իրագործելու համար»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Թե դա ինչքանով կհաջողվի՝ այլ հարց է, քանի որ վերջին ժամանակներում, ըստ տնտեսագետի՝ տեսնում ենք, որ նման ցանկությունները միշտ չէ, որ հաջողությամբ են ավարտվում:
«Ի վերջո, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե դա ինչպես է լինելու, քանի որ ազատ առևտուրը որոշակի սահմանափակումներ պետք է ունենա, կապված այն հանգամանքով, որ Թուրքիան հանդիսանում է Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, իսկ Բելառուսը և Ղազախստանը չեն հանդիսանում: Սա կարող է Թուրքիային կանգնեցնել այն խնդրի առջև, ինչ-որ առաջացավ Հայաստանի պարագայում»,- նկատեց Վահանգն Խաչատրյանը:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տնտեսագետի խոսքով, եթե այդ հարաբերություններն իրականություն դառնան, արդեն Հայաստան-Թուրքիա սահմանի խնդիրը կարող է դառնալ օրակարգային, այն առումով, որ եթե Հայաստանն էլ անդամակցի այդ միությանը, այդ դեպքում կարող է սահմանի բացումն այլ դրդապատճառներով տեղի ունենալ: «Այսպիսի ենթադրություն կարելի է անել»,-եզրափակեց Վահագն Խաչատրյանը:










